Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների արդյունքում փոխանակել են գերեվարված զինվորականներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռազմագերիների փոխանակման հարցում օգնություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները։
ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ փոխանակման արդյունքում Ուկրաինայի տարածքից վերադարձվել է 175 ռուս զինվորական։ Դրա դիմաց Ռուսաստանը ուկրաինական բանակին է հանձնել 175 ռազմագերիների, որոնցից 22-ը ծանր վիրավոր են։
«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները օգնություն են ցուցաբերել ռազմագերիների փոխանակման հարցում։
Երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը տեղեկացրել է Ամերիկայի առաջնորդին, որ մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին։
Civilnet










