Էլեն Մուրադյան
Եվրամիությունը էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ բավական խոր կապեր ունի, և կարևոր է, որ իր լծակներն օգտագործի Ադրբեջանին ստիպելու Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Ռասմուսենը, որ ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում է այս օրերին որպես «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության ղեկավար, այսօր Իջևանում հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ։
Լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ԵՄ դերի մասին՝ նա ասել է, որ ԵՄ-ն իր էներգետիկ լծակը պետք է «արդյունավետ օգտագործի՝ Ադրբեջանին ստիպելու ընդունել խաղաղության համաձայնագիրը»։
Ուշագրավ է, որ Ռասմուսենը 2023-ի մարտին պնդում էր, որ եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ 2023-ի մարտին նա Երևանում նաև հայտարարում էր, որ Ղարաբաղում էթնիկ զտումները «կարմիր գիծ» կլինեն Արևմուտքի համար։
Ադրբեջանը մոտ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանին օրական ռեժիմով մեղադրում է հրադադարը խախտելու մեջ։ Հայկական կողմը հերքում է ադրբեջանական մեղադրանքները։
Անդրադառնալով հնարավոր էսկալացիայի մասին հարցին՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն ասել է, որ միջազգային հանրությունը Ադրբեջանին պետք է հստակ ուղերձ հղի, որ ռազմական որևէ գործողություն ընդունելի չէ:
Նա մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ: «Եթե անգամ կային խնդիրներ, դրանք լուծվել են հայկական կողմից, և Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը։ Մենք չպետք է կորցնենք Կովկասում խաղաղություն հաստատելու այս հնարավորությունը, որը տալիս է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը», - ասել է նա:
Ռասմուսենը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը բխում է նաև Ադրբեջանի շահերից, քանի որ այն կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության հետ:
Նա ընդգծել է, թե այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է։
Ռասմուսենը կարևորել է Հայաստանի և Եվրոպայի միջև կապերի ամրապնդումը և Հայաստանը բնութագրել է որպես «ժողովրդավարական երկիր, որը փորձում է աճել շատ բարդ հարևանության պայմաններում»:
Ռասմուսենը աջակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը ենթադրում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո:
«Եթե այդ նախաձեռնությունն իրականացվի, այն կօժանդակի, կսատարի առևտրի և բազմակողմանի հարաբերությունների զարգացմանն ամբողջ Կովկասում»,- հայտարարել է Ռասմուսենը:
Նա ԵՄ-ին կոչ է արել ֆինանսապես օժանդակել ճանապարհների, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցմանը՝ նշելով, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապելը կնպաստի ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանի բարգավաճմանը:
Civilnet











