Էլեն Մուրադյան
2024-ին Հայաստանում զինծառայողների ատեստավորմանը մասնակցած շուրջ 13,500 զինծառայողների 57%-ը հաղթահարել է գործընթացը: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ ներկայացրել է 2024-ի ընթացքում բանակում բարեփոխումների արդյունքները:
2023-ին ատեստավորմանը մասնակցել էր 5,783 զինծառայող, որոնց մեծ մասը ստացել էր անբավարար գնահատական։
«Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205,000-ից մինչև 470,000 դրամով»,- ասել է նախարարը:
Ռազմական համագործակցություն և բանակի կերպափոխում
Ըստ Պապիկյանի՝ Հայաստանը զգալիորեն ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները և կնքել նոր պայմանագրեր սպառազինության արդիականացման համար, այդ թվում` միջազգային ընկերությունների հետ:
«Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ»,- նշել է Պապիկյանը:
Նա ընդգծել է նաև միջազգային համագործակցության զարգացումը: 2024-ին Հայաստանում անցկացվել է «Արծիվ Գործընկեր 2024» զորավարժությունը՝ ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ:
«Շարունակվել է գործընկերային պաշտպանական համագործակցությունը Հունաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների հետ»,- ասել է նախարարը:
Տես՝ «Ի՞նչ զենքեր են գնել Հայաստանն ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո»
2024-ին մշակվել և հաստատվել է «Բանակի կերպափոխման հայեցակարգը», որը, չնայած լայն քննադատությանը, ըստ նախարարի, լուրջ հիմք է դրել ռազմական ոլորտի բարեփոխումների համար:
«Մշակվել է հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, ամբողջացվում են հանրայնացման ոչ ենթակա կերպափոխման գործընթացների նկարագրության աշխատանքները»,- ասել է Պապիկյանը:
Արհեստավարժ բանակի կայացում և սոցիալական ապահովություն
Պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ ԶՈւ-ում արհեստավարժ սերժանտների ինստիտուտի կայացման համար մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, սկսվել են կորպուսի և բրիգադների սերժանտների պատրաստման դասընթացները:
«Մարտի 25-ին տեղի կունենա սերժանտների կոչումների շնորհման առաջին արարողությունը, որով կմեկնարկի պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքը Զինված ուժեր»,- հայտնել է Պապիկյանը:
Բացի այդ, ըստ ՊՆ նախարարի, մարտական պատրաստության գործընթացների վերանայման շրջանակներում աշխատանքներ են տարվել «հրահանգիչների ինստիտուտի» կայացման ուղղությամբ, իրականացվել է կրակային և մարտավարական պատրաստության հրահանգիչների պատրաստում։
Իրականում, Զինժված ուժերում մասնագիտացած հրանանգիչների ինստիտուտի կայացումը շատ կարևոր է, քանի որ մինչ օրս բանակում անմիջական ղեկավարներն են կատարում հրահանգիչնեի դերը բոլոր առումներով՝ սկսած ֆիզպատրաստությունից մինչև կրակային և մարտավարական պատրաստություն։
Նախարարը տեղեկացրել է, որ նախկին չկայացած աշխարհազորին փոխարինելու համար ստեղծվել է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությունը:
«Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման շրջանակում ընդլայնվել է վարժական հավաքների անցկացումը՝ ընդգրկելով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ»,- նշել է Պապիկյանը:
Տես՝ «Չկայացած աշխարհազորին կփոխարինեն տեղական պաշտպանական ուժերը. ԱԺ-ն քննարկում է օրինագիծը»
Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրում 2024-ին ընդգրկվել է 500 զինծառայող, որոնցից 309-ին արդեն հատկացվել է կանխավճար: Պետական բյուջեի միջոցներով 68 զինծառայողի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր:
Նախարարը պնդել է, որ կանանց գումարտակում «կա լիակատար համալրվածություն» բոլոր կատեգորիաներով։ #CivilNetCheck-ի տվյալները ցույց են տալիս, որ կանանց տոկոսը զինված ուժերում 2024-ին աճել է ընդամենը 0.2%-ով:
«Ռազմական ակադեմիայի առաջին կուրսի ընդունվածների թիվը 2023-ի համեմատ էապես աճել է»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ ակադեմիան արդեն ընդգրկվել է ռազմական ուսումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի կազմում:
Պապիկյանի ելույթը բաղկացած էր բաց և փակ հատվածներից, քանի որ որոշ տվյալներ պարունակում էին «հույժ գաղտնի» տեղեկություններ։
Civilnet











