Մարտի 16-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամեն օր հայտարարում է հրադադարի ռեժիմի խախտումների և Հայաստանի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պարբերաբար հրապարակում է հաղորդագրություններ «հայկական կողմի սադրանքների» վերաբերյալ՝ առանց տեսանյութային կամ որևէ այլ փաստաթղթային ապացույցների։
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին հրապարակվող հաղորդագրությունների քանակն սկսել է հիշեցնել 2020 թվականի սեպտեմբերյան և 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիաներից առաջ տեղեկատվական լարվածության ժամանակաշրջանը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս հայտարարությունները և առաջարկում է ստեղծել համատեղ մեխանիզմ՝ հետաքննություններ անցկացնելու համար, եթե նման միջադեպեր իսկապես տեղի են ունենում։ Անկախ աղբյուրները և Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս չեն հաստատում հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման փաստերը, ինչը հստակ ցույց է տալիս Բաքվի կողմից տարածվող ապատեղեկատվությունը։
Ադրբեջանը նպատակաուղղված պահպանում է անորոշության մթնոլորտը
Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է անորոշություն. անընդհատ հնչեցվող սպառնալիքները, զորավարժությունները, ագրեսիվ հռետորաբանությունը և ապատեղեկատվական հոսքերը զուգորդվում են խաղաղ գործընթացին անցնելու մասին հայտարարություններով և ստեղծում մի իրավիճակ, որում անհնար է վստահորեն ասել՝ Բաքուն կանցնի՞ ուղղակի ռազմական գործողությունների, թե՞ կշարունակի սահմանափակվել քաղաքական, հոգեբանական և այլ ոչ ռազմական ճնշումներով։
Ադրբեջանը ակտիվորեն կիրառում է ապատեղեկատվական հարձակումներ՝ որպես հիբրիդային պատերազմի տարր Հայաստանի դեմ։ Այս հարձակումները պարզապես մեղադրական հայտարարություններ չեն. հրադադարի խախտման մասին յուրաքանչյուր հաղորդագրություն Բաքվի համար ծառայում է որպես հերթական նախադրյալ՝ ապագա էսկալացիայի համար։
Ադրբեջանի զինանոցում ապատեղեկատվությունը վաղուց վերածվել է հզոր գործիքի, որը թույլ է տալիս Բաքվին մանիպուլացնել և ազդել տարածաշրջանային զարգացումների վրա՝ ձևավորելով իր համար շահավետ ընկալում իր դաշնակիցների և գործընկերների շրջանում։ Այդ կերպ Ադրբեջանը միաժամանակ ներկայացնում է իրեն թե՛ որպես տարածաշրջանային ուժային կենտրոն և թե՛ որպես ագրեսիայի ենթարկված «զոհ», մինչդեռ Հայաստանը ներկայացվում է որպես «սադրիչ» և «ագրեսոր»։
Ադրբեջանը փորձում է նվազեցնել միջազգային աջակցությունը Հայաստանին
Ադրբեջանը ձգտում է խաթարել Հայաստանի նկատմամբ միջազգային վստահությունը, ինչպես նաև թուլացնել հայ հասարակության դիմադրողականությունը։ Այս ռազմավարությունը ներառում է Հայաստանի՝ որպես բանակցային գործընկերոջ վարկաբեկումը, Ադրբեջանի դեմ պատերազմի անխուսափելիության ու հայ բնակչության շրջանում խուճապի, անորոշության և անօգնականության զգացման տարածումը։
Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակումների, դիվանագիտական ճնշումների և տարբեր տեսակի սպառնալիքների համադրությունը կարող է նախորդել նոր ակտիվ գործողություններին՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու համար։ Դա կարող է դրսևորվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում, երբ Բաքուն կփորձի պարտադրել իր նախապայմանները, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի կարգավիճակի, այնպես էլ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայության հարցերում։
Ադրբեջանը իր գործողություններով ձևավորում է իր համար շահավետ նարատիվ
Ադրբեջանի ապատեղեկատվական արշավն ունի նաև ներքին քարոզչական ազդեցություն և կարող է օգտագործվել հանրային կարծիքը էսկալացիայի նախապատրաստելու, հանրությունը մոբիլիզացնելու, ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու կամ ապագա ռազմական որոշումներն արդարացնելու նպատակով։
Ադրբեջանը աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասում անկայունության ֆոնին ձևավորում է իր համար շահավետ նարատիվ՝ տարածաշրջանային քաղաքականության մեջ. սա համապատասխանում է Բաքվի ավելի լայն ռազմավարությանը՝ ուղղված տարածաշրջանում իր դերն ամրապնդելուն ու Երևանի վրա ճնշումը պահպանելուն։
Ադրբեջանի ապատեղեկատվական հոսքերի դեմ Հայաստանը ստիպված է արձագանքել պոստֆակտում։ Հայաստանը, չունենալով համակարգային տեղեկատվական հակազդեցություն, հիմնականում կիրառում է միակ և ամենահասանելի մեթոդը՝ հերքումները։ Սակայն դա բավարար չէ, քանի որ միջազգային լսարանը, մինչ հերքումները կհասցնեն տարածվել, կարող է արդեն իսկ ընկալել ադրբեջանական կեղծ թեզերը։
Հերքումներն առավել արդյունավետ են, երբ ուղեկցվում են ռազմական ուժի ցուցադրմամբ․ հակառակ դեպքում ճշմարիտ հայտարարությունները կարող են ընկալվել որպես արդարացումներ։
Տեղեկատվական պատերազմը և մարտունակ բանակը փոխկապակցված են
Պաշտոնական հայտարարություններով կամ սոցիալական մեդիայի հրապարակումներով Ադրբեջանին դիմակայելը բավարար չէ. դժվար թե դա արդյունք տա։ Տեղեկատվական պատերազմը, ինչպես ցանկացած այլ պատերազմ, պահանջում է ոչ միայն պաշտպանություն, այլև ռազմավարական նախաձեռնություն։ Միայն պաշտպանական գործողություններով հնարավոր է ժամանակ շահել, բայց ոչ հաղթել։
Ադրբեջանի ապատեղեկատվական քարոզարշավին դիմակայելու և նրա ագրեսիվ մտադրությունները զսպելու համար Հայաստանը պետք է որդեգրի համալիր մոտեցում, որը ներառում է ոչ միայն դիվանագիտական ճնշումներ և միջազգային իրավական աշխատանք, այլև կարևորագույն գործոնը՝ բանակի մարտունակություն։
Անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական անվտանգության համակարգման միասնական կենտրոն
Ընթացիկ իրավիճակում, բացի ռազմական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աշխատանքների արագացումից, Հայաստանին անհրաժեշտ է մտածել տեղեկատվական անվտանգության համակարգման միասնական կենտրոն ստեղծելու մասին՝ որակյալ մասնագետների ներգրավմամբ։ Այն ոչ միայն պետք է արագ բացահայտի և հերքի ապատեղեկատվությունը, աշխատի սեփական նարատիվների ստեղծման վրա և վերլուծի թշնամու տեղեկատվական օրակարգը, այլև փորձի կանխատեսել Հայաստանի դեմ հնարավոր տեղեկատվական նարատիվները։ Այս կերպ հնարավոր է լինում ձևավորել կանխարգելիչ և բացահայտող հաղորդագրություններ՝ որոշ չափով չեզոքացնելով պոտենցիալ կեղծիքները նույնիսկ մինչև դրանց զանգվածային տարածումը։
Հայաստանի ներկայությունը միջազգային մեդիա դաշտում պետք է զգալիորեն ուժեղացնել։ Անհրաժեշտ է ավելի համակարգված համագործակցություն համաշխարհային առաջատար լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների և անկախ լրագրողների հետ, ինչը կօգնի միջազգային լսարանին փոխանցել հայկական դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ, կարևոր է սոցիալական մեդիայի միջոցով ներթափանցել ադրբեջանական ինֆորմացիոն դաշտ՝ քարոզչական հոսքերին հակակշիռ ներկայացնելու համար։
Սա աշխատատար, բայց կարևոր աշխատանք է, որն անհրաժեշտ է իրականացնել հետևողականորեն ու համակարգված։ Սակայն դա պետք էր սկսել շատ ավելի վաղ՝ հաշվի առնելով տարածաշրջանային քաղաքականության փոփոխությունները ոչ հօգուտ Հայաստանի։
Էդուարդ Առաքելյանի հոդվածը ռուսերենից թարգմանել է Սիրանուշ Ադամյանը
Էդուարդ Առաքելյան











