Գլխավոր Լրահոս

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և քաղաքական ու «փորձագիտական» շահարկումները

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և քաղաքական ու «փորձագիտական» շահարկումները

Երևանի և Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցումը բուռն քննարկումների պատճառ է դարձել Հայաստանում։ Վերջին օրերի ընթացքում տարբեր  քաղաքական գործիչներ և մեկնաբաններ առաջ են քաշում թեզեր, որոնք ավելի շատ մոլորեցնում են հանրությանը, քան հստակություն մտցնում առկա իրավիճակի մեջ։ 

Պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո իշխանության ներկայացուցիչների առաջին ուղերձը հանրությանը այն էր, որ փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրանում միջանցքի վերաբերյալ կետ չկա։ Վերջին երկու չհամաձայնեցված կետերի հարցում Բաքվի պահանջը ամբողջությամբ ընդունելուց հետ այդպիսի պնդում անելը ինքնին ցուցիչ էր, որ այդ քայլը հիմնավորող փաստարկների սղություն կա։

Համընդհանուր հայտնի փաստ է, որ ապաշրջափակման գործընթացին վերաբերող կետերը խաղաղության պայմանագրի տեքստից կողմերի փոխադարձ համաձայնությամբ հանվել էին ամիսներ առաջ՝ դրա համաձայնեցումը հեշտացնելու համար։ Սա ամենևին չի նշանակում, որ այդպիսի օրակարգ գոյություն չունի, և որ Հայաստանի պատկերացումները ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ ընդունելի են Ադրբեջանի համար։ Ավելին, այն հանգամանքը, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքները արձանագրված չեն խաղաղության պայմանագրում, էապես թուլացնում է փաստաթուղթը և վտանգներ պահպանում նույնիսկ պայմանագրի ստորագրման դեպքում։ 

Իշխանական և իշխանամերձ շրջանակների երկրորդ տեսանելի արձագանքը առնչվում էր համաձայնեցված վերջին երկու կետերից մեկին՝ հայ-ադրբեջանական սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանը։ Նախ, որոշ փորձագետներ սկսեցին պնդել, որ այդ կետը չի վերաբերում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Մինչդեռ ակնհայտ էր, որ Ադրեջանի հիմնական նպատակը վերջին տարվա ընթացքում հենց այդ առաքելությունից ձերբազատվելն է, և հենց այդ պատճառով է տվյալ կետը մտցվել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ։

Այս շահարկումները սակայն երկար չտևեցին։ Շուտով ինչպես արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեցին, որ խոսքը հենց ԵՄ դիտորդական առաքելության մասին է, բայց նրանք ևս դիմեցին տարբեր քարոզչական հնարքների։

Այդ հնարքներից ամենագլխավորն այն է, որ բոլոր կետերը փոխադարձության սկզբունքով են համաձայնեցվել։ Սահմանից երրորդ ուժերի դուրսբերման կետի պարագայում, սակայն, ակնհայտ է, որ որևէ փոխադարձության մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայված է միայն Հայաստանում։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով սահմանին երրորդ ուժերի աջակցության կարիք չունի։ Ակնարկներն այն մասին, որ այս կետը կարող է կիրառելի լինել Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պարագայում, չափազանց անլուրջ են։

Կառավարության տարբեր ներկայացուցիչների պնդումները, որ պայմանագրի ստորագրումից և վավարեցումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը հետ է քաշվելու սահմանից, բայց այլ գործառույթներով կարող է շարունակել իր գործունեությունը Հայաստանում, ևս լուրջ կասկածներ են առաջացնում։ Նախ, հաշվի առնելով Ադրբեջանի վերջին տարիների գոծելաոճը, կարելի է ենթադրել, որ Բաքուն այդ կետից փորձելու է ստանալ առավելագույնը և հասնել առաքելության ամբողջական դուրսբերմանը Հայաստանից։ Բացի այդ, պարզ չէ, թե ԵՄ առաքելությունը գործնական ինչ օգուտ կարող է տալ, եթե պարեկություն չիրականացնի սահմանային հատվածներում:

Երրորդ և ամենապարադոքսալ պատմույթը, որը տարածվում է փորձագետ ներկայացող մարդկանց և քաղաքական գործիչների կողմից, այն է, որ Հայաստանը, Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելով և ընդունելով ադրբեջանական պատկերացումներն այդ երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ, բարդ վիճակի մեջ է դրել Բաքվին և չեզոքացրել վերջինիս պլանները։ Որպես այս պնդման ապացույց բերվում է այն հանգամանքը, որ տասնյակ երկրներ ողջունել են փաստաթղթի համաձայնեցումը, ինչը իբր Բաքվի մանևրելու տարածությունը նեղացրել է։

Նախ, բնական է, որ երկու կողմի համար ընդունելի որևէ փաստաթուղթ կամ դրա համաձայնեցումը ողջունվելու է միջազգային բոլոր դերակատարների կողմից։ Նույն պատկերը կար նաև նախորդ տարվա գարնանը, երբ համաձայնեցվել էր դելիմիտացիայի վերաբերյալ փաստաթուղթը։ Այնուամենայնիվ, գործնական մակարդակում այդ հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել Ադրբեջանի պահվածքի վրա։ 

Հայաստանի կառավարության այն մոտեցումը, որ միջազգային հանրության հետ համահունչ լինելով՝ կարելի է ամրապնդել սեփական անվտանգությունը, ակտուալ չէր վերջին տարիների ընթացքում, իսկ միջազգային համակարգում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների այս շրջափուլում այն է՛լ ավելի ոչ ակտուալ է դարձել։ 

Պնդումը, թե Հայաստանի անակնկալ, միակողմանի զիջումները խառնել են Բաքվի խաղաքարտերը, կարող է, իհարկե, նոր խոսք դառնալ միջազգային հարաբերությունների տեսության մեջ, բայց գործնական մակարդակում, բնականաբար, չի դիմանում որևէ քննադատության։ Ինչպես ցույց տվեցին վերջին օրերի զարգացումները, այդ զիջումները Ադրբեջանի մարտավարության կամ ռազմավարական նպատակների վրա որևէ ազդեցություն չունեցան։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում