Բուսաբանական այգու ապօրինի ծառահատման վնասը գերազանցել է 16,5 մլն դրամը։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։ Տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, հարուցվել է վարչական վարույթ։
«Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16,570,000 ՀՀ դրամ»,- հայտնում են տեսչական մարմնից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Մարտի 15-ին բլոգեր Էդուարդ Հայրումյանն ահազանգել էր Բուսաբանական այգում հաստափոր կաղնիների հատման մասին՝ կցելով լուսանկարներ։
Civilnet











