Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ շուտով կլուծվեն։ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մարտի 25-ի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արաղչին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։
«Մենք հուսով ենք, որ շուտով վերջնական որոշում կկայացվի խաղաղության համաձայնագրի շուրջ։ Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնագիրը շատ կարևոր է, տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ ևս»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, եթե Ադրբեջանը ռազմական գործողություն սկսի Հայաստանի դեմ, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով։
«Մենք դեմ ենք ցանկացած ռազմական քայլի՝ տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Արձագանքելով Ադրբեջանի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջի վերաբերյալ հարցին, Իրանի գլխավոր դիվանագիտական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ Իրանը դեմ է միջազգային ճանաչված սահմանների, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։
«Եթե տարածաշրջանի երկրները ցանկություն ունեն օգտվել տրանզիտային ուղիներից՝ Իրանը միանգամայն կողմ է, բայց դա պետք է լինի միայն երկրների տարածքային ամբողջականության և ազգային օրենքների հարգման սկզբունքի հիման վրա»,- ասել է Արաղչին։
***
Աբբաս Արաղչին արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ է այցելում Հայաստան։ Երկու նախարարները շփվել էին 2024թ. հոկտեմբերի 18-ին Ստամբուլում 3+3 նախարարական տարածաշրջանային ձևաչափի շրջանակում։
2024թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանը իրանցի պաշտոնակցին հրավիրել էր Երևան։
2025թ. փետրվարին երկու նախարարները հանդիպել էին Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում:
Civilnet











