Մեր դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում միանգամայն հստակ է՝ մենք ուղիղ չենք բանակցի առավելագույն ճնշման, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում. մարտի 25-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Լրագրողի հարցին, թե արդյոք Իրանը արձագանքել է ԱՄՆ նախագահի՝ Թեհրանին ուղղված նամակին, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է, որ Թեհրանը դեռ չի պատասխանել, սակայն այն ընթացքի մեջ է։
«Մենք դեռևս չենք պատասխանել նամակին, սակայն դրա շուրջ աշխատանքները շարունակվում են։ Մեր դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում միանգամայն հստակ է՝ մենք ուղիղ չենք բանակցի առավելագույն ճնշման, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում», - հայտարարել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը ընդգծել է՝ իր երկիրը պատրաստ է եղել բանակցել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, աշխատել թափանցիկության ուղղությամբ և ներկայում էլ Իրանը բանակցում է եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ այդ հարցում։
«Իրանը չի լքել և չի լքի միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանը», - միտքն ամփոփել է Իրանի արտգործնախարարը։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենիին Իրանի միջուկային ծրագրի հարցում նոր գործարքի վերաբերյալ առաջարկով։
Գեորգի Միրզաբեկյան
Civilnet











