Գլխավոր Լրահոս

Երևանի 2024-ի բյուջեն. տուրքերն ու պարգևավճարները բարձրացել են, առաջնահերթ ծրագրերը՝ թերակատարվել

Երևանի 2024-ի բյուջեն. տուրքերն ու պարգևավճարները բարձրացել են, առաջնահերթ ծրագրերը՝ թերակատարվել

Էլեն Մուրադյան

Չնայած Երևանում բարձրացված հարկերին և տուրքերին՝ մայրաքաղաքի բյուջեն 2024-ին թերակատարվել է, իսկ առաջնահերթ համարվող ծրագրերը մեծ մասամբ չեն իրականացվել: Այս մասին նշվում է «Լույս» հիմնադրամի՝ Երևանի 2024-ի բյոջեի կատարողականի մասին այսօր հրապարակված զեկույցում։

Եկամուտներ. բարձրացված դրույքաչափեր, համեստ աճ

2024-ի բյուջետային տարվա համար քաղաքային իշխանությունները կտրուկ բարձրացրել են տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ հանրության մոտ առաջացնելով բացասական արձագանք: Երևանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116,7 մլրդ դրամ, որը, չնայած այս միջոցառումներին, նախորդ տարվա ցուցանիշից ընդամենը 1,6%-ով է ավելի և 6,4%-ով պակաս է հաստատված բյուջեի պլանավորված ցուցանիշից:

Զեկույցում նշվում է, որ բյուջեի եկամուտների աճին նպաստել է միայն «հարկերի և տուրքերի» ծավալի ավելացումը, մինչդեռ մյուս երկու կարևոր բաղադրիչները՝ «պաշտոնական դրամաշնորհները» և «այլ եկամուտները», զգալիորեն նվազել են:

Վերլուծության համաձայն՝ տեղական տուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են 4,1 անգամ: Անշարժ գույքի հարկերի գծով մուտքերը ևս զգալիորեն՝ 39,3%-ով աճել են, ինչը պայմանավորված է գույքահարկի բազայի՝ 2023-ի համեմատ 42,9%-ով բարձրացմամբ: Ավտոկայանատեղիում կայանման վճարների դրույքաչափերի բարձրացման շնորհիվ տեղական վճարների աճը կազմել է 79,1%:

Զեկույցի հեղինակները ուշագրավ են համարում այն փաստը, որ վերոնշյալ երեք եկամտատեսակների գծով մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են 19,7 մլրդ դրամով, մինչդեռ սեփական եկամուտների ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 8,3 մլրդ դրամով:

Ծախսեր. պարգևավճարների աճ, առաջնահերթ ծրագրերի թերակատարում

Ըստ զեկույցի տվյալների՝ Երևանի 2024-ի բյուջեի ծախսերը կազմել են 113,7 մլրդ դրամ, ինչը 2,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Սակայն այս թիվը 5,5%-ով պակաս է ճշտված պլանից և 9,0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի նախնական ցուցանիշից: Թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը:

Հիմնադրամի վերլուծության մեջ ուշադրության է արժանացել այն փաստը, որ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերը 2023-ի համեմատ աճել են ավելի քան կրկնակի, իսկ վերջին երկու տարիների ընթացքում՝ 6,5 անգամ:

Զեկույցում նշվում է, որ ըստ գործառնական դասակարգման՝ բյուջեի ծախսերի բոլոր խմբերի գծով արձանագրվել է թերակատարում ճշտված պլանի նկատմամբ:

Կենսական անկատար ծրագրեր

Հիմնադրամի վերլուծությունը բացահայտում է մի շարք առանցքային ծրագրերի ցածր կատարողական: Հեղինակները հատկապես մտահոգիչ են համարում այն, որ մի քանի կարևորագույն ծրագրեր պլանավորվածի կեսի չափով անգամ չեն իրականացվել: Այդպիսի ծրագրերի թվում են՝

  • «Նախագծային աշխատանքների իրականացում» (կատարողականը՝ 39,9%)
  • «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» (38,3%)
  • «Փողոցների պահպանում և շահագործում» (13,0%)
  • «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում» (34,7%)
  • «Երևանի քաղաքային լուսավորություն» (39,2%)

Ըստ զեկույցի՝ առանձնահատուկ ուշադրության է արժանի երկու ծրագիր, որոնք ունեն հանրային մեծ հնչեղություն: Առաջինը՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագիրն է, որի կատարողականը զրոյական է: Հեղինակները նշում են, որ սա հատկապես զարմանալի է, քանի որ քաղաքային իշխանությունները մշտապես հայտարարում են «Աջափնյակ» կայարանը շուտափույթ շահագործման հանձնելու մասին:

Երկրորդը՝ «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» ծրագիրն է, որի կատարողականը, ըստ զեկույցի, կազմել է ընդամենը 35,0%: Հիմնադրամի գնահատմամբ, սա նույնպես զարմանալի է, քանի որ դպրոցների և մանկապարտեզների կառուցումը հռչակված է կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություն:

Պլանավորման և բյուջետային քաղաքականության խնդիրներ

Զեկույցում արձանագրվում է, որ 2024-ի բյուջեն ի սկզբանե պլանավորվել էր 0,3 մլրդ դրամ պակասուրդով, սակայն ճշտված պլանով այս թիվը հասցվել էր 7,1 մլրդ դրամի: Փաստացի արդյունքներով, բյուջեն կատարվել է 3,0 մլրդ դրամ հավելուրդով:

Հիմնադրամի հետազոտողների համաձայն, նման իրավիճակ արձանագրվել էր նաև 2023-ին, երբ բյուջեն կրկին կատարվել էր հավելուրդով՝ չնայած պլանավորված պակասուրդին: Ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծության, սա խոսում է այն մասին, որ քաղաքային իշխանություններին չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման գործընթացում առկա համակարգային խնդիրները:

Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ չնայած հարկերի և տուրքերի դրույքաչափերի կտրուկ բարձրացմանը, քաղաքային իշխանությունները չեն կարողանում իրականացնել նախատեսված առաջնահերթ ծրագրերը, ինչն առաջացնում է հարցեր քաղաքի ֆինանսական կառավարման արդյունավետության վերաբերյալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում