Կա մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Բրազիլական «Correio Braziliense»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մարտի 19-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։
«Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը»,- ասել է նախարարը։
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների և կնքման ժամկետների մասին
««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը ցավով է արձանագրե, որ այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։
Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։
«Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք»,- ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանը բրազիլական պարբերականին ներկայացրել է նաև Հայաստանի մյուս առաջարը՝սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծուման վերաբերյալ։
«Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաև երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր: Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից՝ իրենց երկրի երկու հատվածները կապելու համար։ Բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից՝ միանալու Թուրքիային, Միջերկրական ծովին և այլն։ Մեր առաջարկների և գաղափարների նախնական փոխանակման հիման վրա, մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք»,- ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանն անձանագրել է, որ չնայած կողմերը համաձայնեցրել են պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում Հայաստանի մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարի մասին
«Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից»,- ասել է ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրված որոշակի առաջընթացը, ըստ որի մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։
«Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։
Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,- ասել է ԱԳ նախարարը։
Միրզոյանը նաև մատնանշել է Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները։
«Մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են»,- նշել է նախարարը։
Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։
«Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Միրզոյանը։
ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Նախարարն անդրադարձել է նաև Թրամփի վարչակազմի հնարավոր աջակցությանը՝ խաղաղության գործընթացին։
«Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է Միրզոյանը։
Civilnet











