Մարտի 27-ի առավոտյան քննիչները խուզարկություն են սկսել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։ Տեղեկությունը ուղիղ եթերում հայտնեց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Ոստիկանությունը պահպանում է մեր գրասենյակը, բայց անհասկանալի է՝ ումից։ Ներսում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց Թևանյանը՝ հավելելով, որ այս գործընթացը դիտարկում է որպես փորձ՝ խոչընդոտելու իրենց աշխատանքը։
Թևանյանի խոսքով՝ որոշ անձինք բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ ընտրակաշառք տալու, ստանալու և այլ հոդվածներով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու ընտրություններում կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելու դիմաց։
«Տեղեկություններ են ստացվել նաև, որ նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամն ու նրա լիազոր ներկայացուցիչը բարեգործության անվան տակ ընտրողներին տրամադրել են վառելափայտ, իրականացրել են փողոցների խճապատման աշխատանքներ, ինչպես նաև խոստացել են գումար՝ տարազների և այլ գույքի ձեռքբերման համար»,- նշված է կոմիտեի հաղորդագրությունում։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու նպատակով։
Civilnet











