Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է, հակառակ դեպքում կսահմանվի տուգանք: Այս մասին հայտարարություն են տարածել Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Հայտարարության մեջ նշվում է, որ քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:
«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովները նաև զգուշացնում են, որ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով:
Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր՝ մարտի 30-ին, համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են:
Civilnet











