Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ, որոնք ստուգման փուլում են, hայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1 և խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 46 անձ, որոնցից 26-ը Գյումրի համայնքում, 20 -ը՝ Փարաքար համայնքում:
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 10 անձ, որոնցից՝ 6-ը Գյումրիում, 4-ը Փարաքարում:
ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 144 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն. Գյումրի համայնքում՝ 111 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 33 քաղաքացի:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 2 զանգ։
Civilnet











