Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը 17:00-ի դրությամբ գրանցվել է այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է «Կոմունիստական կուսակցության» թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այդ ընտրատեղամասը 31/45-ն է, որտեղ մասնակիցների թիվը մոտեցել է 50 տոկոսի՝ 840 անձ եկել ու քվեարկել է՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների։ Ընդհանուր առմամբ, այս ընտրատեղամասում գրանցված է 1 726 ընտրող։ Այս ընտրատեղամասում մասնակցության ցուցանիշը նաև ամենաբարձրն է տոկոսային հարաբերակցությամբ։
Նույն հարաբերակցությամբ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գյումրիի երկաթե շատրվանի հարևանությամբ գտնվող 31/37 ընտրատեղամասում։ Ընդհանուր ընտրողների ընդամենը 23 տոկոսը կամ 234 անձ է մասնակցել քվեարկությանը՝ 17:00-ի դրությամբ։ Քանակային առումով ամենացածր ցուցանիշը գրանցվել է 31/63 ընտրատեղամասում։ Այստեղ քվեարկության իրավունք ունեցող 501 անձանցից ընտրատեղամաս է այցելել միայն 119-ը։ Այս երկու տեղամասերն էլ գտնվում են երկաթյա շատրվանին մոտ, այն թաղամասերում, որտեղ մեծապես տեղակայված են Գյումրիի տնակները, և որտեղ առ այսօր բնակվում են երկրաշարժից տուժած քաղաքացիները։
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը քվեարկել է 31/53 ընտրատեղամասում, որտեղ 1 474 գրանցված ընտրողներից մասնակցել է ավելի քան 35 տոկոսը կամ 527 անձ։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39 181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35,22 տոկոսը։ Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 111,236 է։
Գևորգ Թոսունյան
Civilnet











