Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից: Արձանագրվել է քարոզչություն կատարելուն կամ կատարելուց հրաժարվելուն հարկադրելու, կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու 1 դեպք, խուլիգանության ու ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու 1 դեպք, քվեարկության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու 2 հաղորդում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ որպես պատահար գրանցված և ստուգման փուլում գտնվող 14 հաղորդումներից 4 ահազանգ ստացվել է քաղաքացիներից, իսկ 6-ը՝ մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներից։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 61 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 33 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 28 քաղաքացի։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 13 անձ, որոնցից՝ Գյումրի համայնքում՝ 8 քաղաքացի, Փարաքար համայնքում՝ 5 քաղաքացի:
ՆԳՆ շրջիկ ձևաչափով սպասարկման գրասենյակների աշխատակիցները 311 քաղաքացու տրամադրել են խորհրդատվություն:
Civilnet











