Խաղաղության գործընթացում Հայաստանը կառուցողական մոտեցում է դրսևորել․ Գերմանիայի նախագահ

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում շատ կառուցողական մոտեցում է դրսևորել, իսկ երկու երկրների միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում։ Երևանում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը նման համոզմունք է հայտնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նա հայտարարել է, որ Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայությությամբ։ Շտայնմայերը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման կապակցությամբ։
«Ցանկալի է, որ երկու կողմերն օգտագործեն այս պատեհ պահը, որ երկարաժամկետ ու կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Գերմանիայի նախագահը։
Շտայնմայերը Երևանից մեկնելու է Բաքու։ Նրա խոսքով, այս հարցի մասին խոսելու է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը, Գերմանիայի նախագահը խոսել է իր երկրի ջանքերից, հույս հայտնելով, որ այն արդյունավետ է։
«Շատ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար: Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացողություն է ստեղծում»,–ասել է Գերմանիայի նախագահը:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ, մարտի 30-ին ժամանել է Երևան։
Civilnet










