Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ:
Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։
Մանդատների նախնական բաշխվածությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա14 մանդատ, «Կոմունիստական կուսակցություն»-ը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ։
Ավագանու ընտրություններում շեմը հաղթահարած ուժերից «Մայր Հայաստանը» և «Իմ հզոր համայնքը» պատրաստակամություն են հայտնել աջակցելու Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժին։ Սակայն նրանց քվեները միասին բավարար չեն քաղաքապետ ընտրելու համար։ «Մեր քաղաքը» դաշինքի Մարտուն Գրիգորյանի որոշումից է կախված, թե արդյոք ընդդիմությունը կամ «Քաղաքացիական պայմանագիրը» կկարողանան կոալիցիա ձևավորել և քաղաքապետ ընտրել։
Եթե Գյումրիի թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 մանդատ, նրանց միջև կանցկացվի քվեարկության 2-րդ փուլ:
Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստն ապրիլի 16-ին է։
Civilnet











