Radisson-ը Գյումրիում պաշտոնապես բացում է իր հյուրանոցը

Radisson Hotel Group-ը պաշտոնապես հայտարարել է Գյումրիում Radisson Hotel & Spa Gyumri հյուրանոցի բացման մասին: Այս նոր հաստատությունը դարձել է ընկերության 17-րդ հյուրանոցը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Գյումրիում Radisson բրենդի հյուրանոցի բացումը Հայաստանում ընկերության երկրորդ նախագիծն է՝ 2016-ին Երևանում գործարկված Radisson Blu Hotel-ից հետո: Նոր հյուրանոցը ներկայացնում է Radisson բրենդը Հայաստանում:
«Մենք ուրախ ենք Հայաստանում ներկայացնել Radisson բրենդը Radisson Hotel & Spa Gyumri-ի բացմամբ: Հպարտ ենք համագործակցել «Ալեքպոլ Փրոջեքթս Մենեջմենթ» ընկերության հետ և ակնկալում ենք հաջողված գործընկերություն, քանի որ շարունակում ենք ընդլայնվել այս դինամիկ տարածաշրջանում»,- ասել է Radisson Hotel Group-ի գործարար զարգացման ավագ տնօրեն Մարիա Զնովան:
Radisson Hotel & Spa Gyumri-ն առաջարկում է 64 սենյակ՝ սկանդինավյան ոճով: Հյուրանոցն ունի նաև կոնֆերանս դահլիճ, հանդիպումների սրահներ, ռեստորան և մարզասրահ:
Հյուրերին հասանելի է պատմական Alexandra Spa կենտրոնը, որը գտնվում է 1881-ին կառուցված պատմական շենքում: Այն առաջարկում է լոգանքների սրահներ, լողավազաններ, մերսման սրահներ և չորս տեսակի շոգեբաղնիքներ:
«Shiraz Plaza Hotel & Spa-ի վերափոխումը Radisson Hotel & Spa Gyumri-ի մեզ համար ոգեշնչող քայլ է: Radisson Hotel Group-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ ներկայացնել համաշխարհային մակարդակի հյուրընկալության փորձառություն Գյումրիում՝ նպաստելով քաղաքի զարգացմանը որպես տարածաշրջանի առաջատար ուղղություն»,- նշել է «Ալեքպոլ Փրոջեքթս Մենեջմենթ» ընկերության տնօրեն Արման Բարսեղյանը:
Համալիրի կառուցման մեկնարկը տրվել էր 2022-ին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն դոլար, ստեղծվել է 50 աշխատատեղ:
Էլեն Մուրադյան
Թեմա
Civilnet









