«Զաուր պապը նստած էր բակում։ Հայացքը՝ անորոշ կետի, հագին՝ հին կոստ, էն զիբիլներն էլ հավաքել, կախել էր դոշերից։ Տես, բա յոբը խփած չի՞, սաղ օրը մեդալների մեջ վեր ընկած ա։ Զաուրն ասեց՝ սրա սֆա՜թը, սրա զվռնե՜լը, չաթլախ ա մեծնում, դու էլ ես չաթ լախ մեծնում, տատն էլ տունը շունչը փչում ա»։
«Էջ» հրատարակչությունը, գրական թարգմանիչ Ասյա Դարբինյանի թարգմանությամբ և գրող, Հայաստանի Փեն կենտրոնի ղեկավար Արմեն Օհանյանի խմբագրմամբ, լույս է ընծյաել վրաց ժամանակակից գրող Թամթա Մելաշվիլիի «Ասելուկ» վեպը։ Սա հեղինակի արձագանքն է 2008-ի ռուս-վրացական պատերազմին։ Պատերազմները միայն պոետների ու հերոսների համար չեն, պնդում է հեղինակը՝ գրելով պատերազմի մասին երկու դեռահաս աղջկա հայացքով։ Վաղվա օրը երաշխավորված չէ, սակայն ապրել, այնուամենայնիվ, պետք է, անգամ թարմ արյամբ, չքավորությամբ ու թմրանյութերով շրջապատված լինելով։ Վրացերենով վեպը հրատարակվել է 2010-ին։ ՍիվիլՆեթը զրուցել է հեղինակի հետ։



- Ի՞նչ արձագանք ստացավ վեպում օգտագործված լեզուն։ Դա շոկայի՞ն էր այն ժամանակվա ընթերցողի համար, թե՞ գրողների ավագ սերունդն այս պատնեշը հաղթահարել էր։
- Չէ, լեզուն խնդիր չառաջացրեց։ Նույնը չեմ կարող ասել իմ՝ «Մոշ, մոշ, մոշահավ» վեպի մասին։ Գիրքը լուրջ քննադատության էր արժանացել, իսկ այս մեկը մեծ հաջողություն ունեցավ։
«Որ տեսնում եմ, թե ինչպես է ինձ նայում ու ինչպես է ինձ ցանկանում, ես էլ նրա ցանկությունից եմ գրգռվում, թե չէ էնպես ինձ համար հանգիստ եմ։ Նրա ցանկությամբ լի աչքերից ուզեցի սկզբում, առաջին իսկ օրվանից, դրա համար էլ նրա կողմ քաշվեցի, թե չէ էնպես ի՞նչն էր ինձ քաշելու, ցանկությամբ լի աչքերով էր ինձ նայում։ Հետո՞ ինչ, որ ոչ մեկս էլ ջահել ու նազանի չենք»։
Հատված «Մոշ, մոշ, մոշահավ» վեպից։
-Մենք խոսակցական լեզվի խնդիր ունենք։ Կա ժարգոն, կա գրական լեզու, բայց հաճախ խնդրի ենք բախվում լեզուն ընտրելիս, փնտրում ենք այդ երկուսի միջակայքում գտնվող լեզուն ու միշտ չէ, որ գտնում ենք։ Վրաց գրականության մեջ կա՞ այս խնդիրը։
-Չեմ կարծում, թե կարիք կա այդ երկուսի միջակայքում որևէ բան ստեղծելու։ Պետք է պարզապես առերեսվել և ընդունել ոչ գրական խոսքը։ Իրական կյանքում, լարված իրավիճակում, հատկապես պատերազմի համատեքստում մարդիկ բարձրաշխարհիկ տեքստեր չեն ասում։
Լեզուն գլխավոր գործիքն է։ Հեղինակները պիտի ազատորեն ընտրեն այն լեզուն, որն ուզում են։ 2010 թիվն էր, ես երիտասարդ էի, և երբ վեպը տպվեց, ես գրող լինելու մասին չէի մտածում։
«Կկրակեն։ Դաշտով կփախնեմ, դաշտով պիտի ծլկեմ։ Դաշտով կվազեմ, բան էլ չի լինի։ Ես հո ճստիկ եմ, ես հո պստիկ եմ, ես հո ծիտիկ եմ, ոնց ասի՞ր, էն օրը ո՞նց ասիր, հիմա կթռնեմ։ Արագ կթռնեմ, մի վայրկյանում կանցնեմ։ Էնպես կթռնեմ՝ գլխի էլ չեն ընկնի»։
-Ինչո՞ւ է պետք գրել պատերազմի մասին։ Ի՞նչ է սա՝ հայրենասիրական տրակտա՞տ, հակապատերազմական քարո՞զ, թե՞ պարզապես իրականության փաստագրում, որի նպատակն ու օգուտը կարելի է վերլուծել միայն ժամանակային հեռավորության վրա։
-Այս գիրքն իմ արձագանքն է 2008-ի ռուս-վրացական պատերազմին։ Ես ցասման մեջ էի, տարբեր հույզեր էին խեղդում կոկորդս ու որոշեցի ինչ-որ ձևով դուրս հանել կուտակվածը։ Գեղարվեստական գրականություն ստեղծելը զայրույթը պարպելու միակ հասանելի միջոցն էր։
Հակապատերազմական քարոզչության մասին. եկե՛ք, հայացք նետենք գրականության վրա՝ սկսած 19-րդ դարից։ Գրականությունը հսկայական աշխատանք է տարել հակապատերազմի մշակույթը տարածելու համար։ Մեծապես գրականության շնորհիվ է, որ պատերազմը բացասաբար ենք ընդունում։ Իմ գիրքը պատերազմի դեմ է գրված։ Ես ուզում եմ, որ ընկալենք՝ անկախ համատեքստից, պատերազմը վատ է, և եթե վատ է, ապա վատ է բոլոր իրավիճակներում՝ բոլոր համատեքստերում։

«Արագ արձակեցի տաբատս, ձախ ձեռքս ներքնաշորիս մեջ տարա ու արյունոտ մատերս երեսին մոտեցրի։ Ահա՛։ Վախ, Ճստո,— Նինցոն փորձեց ժպտալ, բայց դեմքն այլայլ վեց։ Չեմ հավատում։ Դու հիմա իրոքից կին ես»։
-Մեկ ուրիշ հարց է ծագում։ Դուք պատերազմի մասին գրում եք առանց քնարականության։ Վեպը ցույց է տալիս պատերազմի գեշ կողմը (չնայած դժվար է հասկանալ՝ որն է պատերազմի գեղեցիկ կողմը)։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն գրողներին, որոնք պատերազմին հերոսականություն են հաղորդում, որոնք ընտրում են տեսնել պատերազմի էպիկակակն կողմը։
-Այս գիրքը գրելիս հերոսների մասին չէի մտածում։ Ուզում էի հասարակ մարդկանց մասին գրել։ Հերոսների կարիք, իհարկե, ունենք՝ թե՛ կյանքում, թե՛ գրականության մեջ, բայց նրանց մասին շատ է գրվել, նրանք մեր աչքի առաջ են, իսկ թե ինչի միջով են անցնում երեխաներն ու դեռահասները, չի խոսվումղ։ Պատերազմը միայն պոետների ու հերոսների մասին չէ։
-Ի՞նչ տեղ ունի անկախության երեսուն տարիների վերլուծությունը վրաց գրականության մեջ։ Ձեր հայրենակից, գրող Արչիլ Քիքոձեն ասում է՝ վրաց գրականությունը անկախության տարիների վերլուծությունն է։ Համաձա՞յն եք, ինչպե՞ս է դա դրսևովում։
-Կարծում եմ՝ սա վերաբերում է հետխորհրդային բոլոր երկրներին։ Մենք չենք կարող շրջանցել այդ թեման։ Շատ կարևոր է, թե ինչպես ենք վերապրում մեր հավաքական տրավմաները։ Ես տպավորություն ունեմ, որ ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը չեն կարողացել իրենց թույլ տալ այդ ճոխությունը։ Մենք բավարար խաղաղ ժամանակ չենք ունեցել սա քննարկելու համար, որովհետև ապրում ենք չընդհատվող վտանգի, սթրեսի ու սպառնալիքների պայմաններում։ Ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ տարածություն։ Վրաստանում այսօր խելագարություն է կատարվում։ Վեպեր գրել չեմ կարող, բայց էսեներով փորձում եմ անդրադառնալ այս հարցերին։ Զգում եմ, որ իմ կյանքի իմաստը սա է։
«Չհասցրեցի վախենալ, միակ բանը, որ մտքիս էր՝ կաթի շիշն էր։ Դրա հա մար էլ փորի վրա պառկելու ու գլուխս ծածկելու փոխարեն՝ կաթով շիշը գրկած պառկեցի մեջքի։ Դուք չեք կրակի, ե՛ս կկրակեմ ձեր վրա, մորներդ քունեմ,— Մելանոյի մարդը գո ռաց ու նորից ավտոմատը ձգեց»։
-Կա՞ պատմական որևէ իրադարձություն, որի մասին գրելը թրենդային է, որը կարմիր գծով անցնում է, հետնաֆոն է, անգամ եթե գլխավոր թեման չէ։
-Կարծում եմ՝ գրողները չէ որ պիտի ինչ-որ թեմա թրենդային սարքեն, կարդացողները պետք է որոշեն ինչն է իրենց հետաքրքրում։
Ենթադրում եմ որ հենց այս պատճառով վեպում չի շոշափվում ռազմական գործողությունների տեղն ու ժաամանակը, որպեսզի ընթերցողն ընտրի, թե ինչի մասին է ուզում կարդալ, որ ժամանակաշրջանն է ցանկանում տեսնել գրքում։ Հեղինակը դուք եք, բայց ընթերցողն ինքն է ընտրում, թե ինչի մասին է այն։
«Ճստո, յոբդ խփե՞ց, ինչի՞ ես լացում,— Նինցոն ասեց՝ պառկած տեղից ել նելով։ Ինչի՞ ես լացում, աղջի, վախենու՞մ ես, ինչի՞ց, դու ծտի պես ես, պուճուր ես, ճստո–պստո։ էնպես կմտնես–կհելնես, որ ոչ ոք չի տեսնի։ Քեզ ո՞վ կարա բռնի, էնքան թեթեւ ես, իս կը՝ ծիտիկ»։
-Ասում եք՝ վրաց գրականությունը ստեղծել են տղամարդիկ, տղամարդու պրիզմայով է ընկալվում ու փաստագրվում աշխարհը։ Ինչո՞վ է տարբերվում կնոջ ստեղծած գրականությունը։ Ի՞նչ են տեսնում կին հեղինակները կամ նրանց կին հերոսները, որ տղամարդու տեսադաշտից վրիպում է։
-Տղամարդու ստեղծած ու վավերագրված կյանքը ընկալվում է որպես ճշմարտություն։ Տպավորություն է ստեղծվում, թե մեր խնդիրները ունիվերսալ են, թե բոլորս նույնն ենք զգում, բայց այդպես չէ։ Երբ հեղինակը կին է, ընթերցողը ասում է՝ սա կանացի ձեռագիր է, սա ուղղակի կնոջ հույզերն են։ Բայց մենք նույն կերպ չենք զգում այս աշխարհը, ինչպես իրենք, մենք պարզապես երկար ժամանակ չենք կարողացել պատմել աշխարհի մասին մեր աչքերով։ Գրականության պատկերած աշխարհը եղել է սպիտակամորթ, եվրոպացի, հետերոսեքսուալ տղամարդու դիտանկյունից։ Բոլորիս ձայները պետք է ողջունելի լինեն գրականության մեջ։ Նաև քաղաքում չբնակվող, ոչ քաղաքային մշակույթի կրող տղամարդկանց ձայնը։ Մինչև վերջերս վրաց գրականությունը շատ էլիտիստական էր. պատմությունների մեծ մասը այսպիսին են. «Թիֆլիսում բնակվող սպիտակամորթ հետերոսեքսուալ տղամարդը, որը բնակվում է քաղաքի կենտրոնում…»։ Չեմ ասում, թե այդպիսի կերպարներ չկան, բայց կան նաև այլ տղամարդիկ, որոնց մասին պետք է խոսել, կան կանայք, քվիր անձինք, որ նոր են մտել վրաց գրականություն՝ դարձնելով այն իրապես բազմագույն։
-Վրաստանն ու Հայաստանը բացի աշխարհագրորեն այդքան մոտ լինելուց ունեն ընդհանուր մոտիվներ, ընդհանուր խրհրդային անցյալ, գենդերային խնդիրներ, քաղաքական վայրիվերւմներ և այլն։ Բայց մենք առանձնապես լավ չգիտենք միմյանց գրականությունը։ Ինչո՞ւ։
-Այո, մենք անընդհատ պատերազմների ու կոնֆլիկտների մեջ ենք։ Գումարած սրան՝ աշխարհակարգ է փոխվում, ուժերի հարաբերկացությունն է փոխվում։ 1991-ն էր, ես տասնմեկ տարեկան էի, ախարհակարգ էր փոխվում, հիմա 2025-ն է, ու ես էլի նույն բանն եմ ապրում։ Մեկ մարդը չի կարող այսքան բան տեսնել կյանքի ընթացքում։ Պատերազմի թողած վերքերը չեն վերականգնվում, սերունդների վրայից այդ հետքը չի անցնում, ու նույնն է Ուկրաինայի պարագայում։ Սա մեր ընդհանրությունն է, մեզ սա է մոտեցնում իրար։ Մենք աշխարհաքաղաքական իրադարձությունների տեսանկյունից նույն կետում ենք։ Մենք պիտի միասին անցնենք սրա միջով, միասին հաղթահարենք անցյալը։ Մենք ունենք ընդհանուր թշնամի։ Իհարկե, դուք ունեք ձեր պատմությունը Ադրբեջանի հետ կապված, և ես փորձում եմ զգայուն լինել այս հարցի նկատմամբ, բայց տարբեր չարիքներ կան, ու մեր ընդհանուր չարիքն է Ռուսաստանը։
-Խորհրդային կարգերը քննադատվել ու քննադատվում են, բայց գրողը կարո՞ղ է նոստալգիայով հիշել խորհրդային անցյալը առանց մեղադրանքների բախվելու, թե՞ փառաբանվում է Խորհրդային համակարգը։ Որքա՞ն ապահով է այս թեման։ Դուք ինքներդ ծնվել եք Խորհրդային Միությունում, ձեր մանկությունն անցել է այդ երկրի ամենախաղաղ ժամանակահատվածում։
-Նոստալգիան խորհրդային ժամանակներին չի վերաբերում, այն վերաբերում է մանկությանն ու մարդկանց, որոնք ապահովության զգացում են առաջացնում։ Ես խորհրդային անցյալի նկատմամբ երբևէ նոստալգիա չեմ ունեցել, բայց երբեմն կարոտում եմ մանկությունս. ապահով էի, չունեի պատասխանատվություններ, հիմա բացարձակապես անվտանգ չեմ զգում ու կարոտում եմ ապահովության զգացումը, կարոտում են կյանքը, դեպի որը հետդարձի ճանապարհ չկա։
«Ու էստեղ, էս դաշտում...,— ձայնը խզվեց։ Թաշկինակը գտավ։ Աստված,— ասեց,— Աստված իմ,— բարձր ասեց։ Ու լաց եղավ»։
Դիտեք նաև՝
Ջրվեժի անտառում. հայ և վրացի գրողները խաղացին ոչ-ոքի
Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը
Civilnet











