Երբ 1980-ական թթ. վերջերից սկսվեց նախկին Հարավսլավիայի և Խորհրդային Միության փլուզումը, Արևմուտքը, առանց հրապարակային հայտարարությունների, լռելյայն ընդունեց հետևյալ դիրքորոշումը. միջազգայնորեն կարող են ճանաչվել և ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների անդամներ դառնալ միայն միութենական հանրապետությունները:
Այսպես, միջազգային ընտանիքի լիիրավ անդամներ դարձան Խորհրդային Միության 15 և Հարավսլավիայի 6 հանրապետությունները: Անկախության և ինքնիշխանության ձգտող մյուս միավորները բախվեցին Հելսինկիի Եզրափակիչ ակտի կետերից մեկին՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքին:
Խորհրդային Միությունը 15 միութենական հանրապետություններից բացի, որպես տարածքային միավորներ, ուներ նաև մի քանի տասնյակ ինքնավար հանրապետություններ (Նախիջևան, Աբխազիա), ինքնավար մարզեր (Լեռնային Ղարաբաղ, Հարավային Օսիա) և ինքնավար օկրուգներ: Նախկին Հարավսլավիայում կար ընդամենը երկու ինքնավար միավորում, երկուսն էլ Սերբիայի կազմում՝ Կոսովոն և Վոյեվոդինան:
Սկզբնական շրջանում Արևմուտքում որոշակի համակրանք կար ԽՍՀՄ-ի այն ինքնավարությունների, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ, որտեղ ժողովրդավարական և ազգայնական գործընթացները օժանդակում էին և արագացնում կայսրության փլուզումը: 1992-ին, երբ նախկին ԽՍՀՄ 15 և Հարավսլավիայի 6 հանրապետությունները դարձան ՄԱԿ-ի անդամ, վերաբերմունքը անկախության ձգտող և կամ պատերազմի մեջ ներքաշված Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի նկատմամբ փոխվեց։
2008-ի փետրվարին Արևմուտքը, հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, փոխեց չգրված խաղի կանոնը՝ ճանաչելով Կոսովոյի անկախությունը: Ճիշտ է, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ մի քանի երկրներ, ինչպես օրինակ Իսպանիան, դեռևս հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, որպեսզի իրենց ներսում չխրախուսեն անջատողականության օջախները, սակայն մեծ հաշվով՝ Կոսովոյի անկախությունը կայացած փաստ է, թեև Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ: Այսօրվա դրությամբ Կոսովոն ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 94 պետություն:
Ռուսաստանի արձագանքը ուշացնել չտվեց: Գտնվեց նաև առիթը: 2008-ի օգոստոսին բռնկված վրաց-ռուս/օսական պատերազմից երկու շաբաթ անց Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան: Մի քանի երկրներ, որոնց անունը Ռուսաստանում, Վրաստանում և Աբխազիայում ու Հարավային Օսիայում շատերն առաջին անգամ էին լսում, ևս ճանաչեցին նրանց անկախությունը՝ Նիկարագուա, Վենեսուելա, Նաուրու, Վանուատու, Տուվալու:
2008-ին Հայաստանը կանգնեց արտաքին քաղաքական բարդ երկընտրանքի առաջ. ճանաչե՞լ, թե՞ չճանաչել Կոսովոն: Եթե ճանաչում ես Կոսովոն, ապա ի՞նչու չճանաչես Արցախը: Եթե ավելի քան 15 տարի հրաժարվում ես ճանաչել Արցախը՝ վկայակոչելով բանակցություններով հարցը լուծելու դիրքորոշումը, ապա ի՞նչու պիտի ճանաչես Կոսովոն: Ապա եկավ օգոստոսը: Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքում, թվում է, ընտրություն կատարելը ավելի դյուրին էր: Նրանց ճանաչելը նշանակում էր ձեռք բերել ևս մեկ թշնամի հարևան՝ ի լրումն Թուրքիայի ու Ադրբեջանի: Բացի այդ, ինչու ճանաչես Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունը, երբ չես ճանաչում Արցախը:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցում Հայաստանը վերջին քսան տարիներին չի ունեցել դաշնակից: Այդ մասին մենք սովորաբար չենք խոսում, բայց ճշմարտությունն ընդունելը ամոթ բան չէ:
Վերջին շրջանում Արցախի ճանաչման շուրջ ուշագրավ զարգացումներ են նկատվում: Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևեր ընդունեցին Միացյալ Նահանգների երկու նահանգների խորհրդարաններ: Նախ մայիսին բանաձև ընդունեց Ռոդ Այլընդի Ներկայացուցիչների պալատը՝ իր աջակցությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի անկախությանը, ինչպես նաև ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ապա օգոստոսին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց Լեռնային Ղարաբաղի «ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը» սատարող բանաձև: Հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև՝ Ավստրալիայի իշխանություններին կոչ անելով պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն և հարաբերութուններն ամրապնդել երկրի ու նրա քաղաքացիների հետ: Ադրբեջանը զայրույթով և բողոքի նոտայով դիմավորեց Ավստրալիայի նահանգի որոշումը:
ՄԱԿ-ի անդամ երկրներից միակը, որն ակնարկել է Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին, Ուրուգվայն է: Մայիսին Երևանում լատինաամերիկյան այդ երկրի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարեց, որ ղարաբաղյան հարցի լուծումն ինքնորոշումն է, և ոչ՝ ռազմական ուժի կիրառումը։ Նոյեմբերի 13-ին ԼՂՀ նախագահը Ստեփանակերտում ընդունեց Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը:
Թվում է, Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փորձում են միասնական ջանքերով աշխատանքներ տանել, որպեսզի ՄԱԿ-ի անդամ որոշ երկրներ ճանաչեն ԼՂՀ-ն: Անկասկած, չպետք է բացառել, որ կլինեն երկրներ, որոնք կճանաչեն Արցախը: Սակայն երկընտրանքի առաջ կանգնելու է նույն Հայաստանը: Երևանի կողմից Արցախի ճանաչումը կարող է առիթ դառնալ, որ Ադրբեջանը նոր պատերազմ սկսի: Մյուս կողմից, երբ դու չես ճանաչում, ապա այլ պետություններ ի՞նչու պիտի ճանաչեն և ի՞նչ կտա այդ ճանաչումը։
Թաթուլ Հակոբյան










