Կառավարությունը խստացնելու է վերահսկողությունը սննդի անվտանգության ոլորտում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` նահանջ այս դաշտում չի լինելու:
«Թույլ չենք տալու, որ առողջությանը վնասող պանիր հայտնվի բնակչության սեղաններին»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կառավարության վրա որևէ ճնշում չի ազդելու:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը ներկայացրեց պանրի ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները՝ հայտարարելով, թե 59 տնտեսավարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են խախտումներ՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, պահման պայմանների հետ կապված։ Ստուգումների արդյունքում 18 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն արգելվել է՝ առանձին կամ ամբողջ արտադրության կտրվածքով, իսկ 5,5 տոննա չանախ տեսակի պանիր ոչնչացվել է, քանի որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։
Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանն էլ պանրի ոլորտում ստուգումները որակել էր որպես նախընտրական քայլ: Նա նշել էր, որ միությունում կասկածներ կան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստուգումների արդյունքների վերաբերյալ, և իրենք մտադիր են նոր ստուգումներ անցկացնել։
Civilnet











