Գլխավոր Լրահոս

2013թ. պետբյուջեում չկա նպատակ, տնտեսական քաղաքականություն. Վ. Օսկանյան

2013թ. պետբյուջեում չկա նպատակ, տնտեսական քաղաքականություն. Վ. Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 2013թ. պետբյուջեի նախագծին ու բարձրացնելով հարցադրումը, թե որքանով է այն բավարարում ժողովրդի ակնկալիքները, պահանջներն ու կարիքները: Հաղորդագրության տեքստը ներկայացված է ստորև:

Երեկ բյուջեի հետ կապված ելույթների ընթացքում ժամանակի բերումով հնարավորություն չունեցա ելույթ ունենալու, ուստի 2013թ. բյուջեի վերաբերյալ իմ նկատառումները ներկայացնում եմ ստորև:

Ես այս բյուջեի նախագծին ուզում եմ անդրադառնալ այլ՝ ժողովրդի կարիքների և ակնկալիքների տեսանկյունից: Իհարկե, սա կառավարության 2013թ. տնտեսական գործունեության հիմնական ուղենիշն է լինելու, բայց վերջիվերջո կառավարությունը աշխատում է ժողովրդի համար:

Ինչքանո՞վ է այս բյուջեն բավարարում ժողովրդի ակնկալիքները, պահանջներն ու կարիքները:

Այն, որ այս բյուջեն ամբողջությամբ բավարարում է մեր վարկատուների՝ հատկապես Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, դա միանշանակ է։ ԱՄՀ-ն մեր կառավարության ֆիսկալ կայունությունը ապահովելու ջանասիրությունից շատ գոհ է, այսինքն՝ գոհ է վարվող զսպողական քաղաքականությունից, սղաճի զսպումից, պարտքի կառավարումից, բյուջեի դեֆիցիտի կրճատումից, այսինքն՝ այնպիսի քաղաքականությունից, որն ամբողջությամբ տնտեսական աճի, զարգացման և կենսամակարդակի բարձրացման հակացուցիչ է հանդիսանում:

Արդեն որերորդ տարին է, որ մեր կառավարությունը ֆիսկալ կայունություն ապահովելու շղարշի տակ թաքցնում և արդարացնում է իր անարդյունավետությունը: Իրոք՝ ֆիսկալ կայունություն ապահովելն ու կառավարության անարդյունավետությունը հոմանիշներ են դարձել: Բացարձակ թյուրըմբռնում է այն, որ ֆիսկալ կայունությունը կարելի է ապահովել միայն զսպողական քաղաքականություն վարելով: Մինչդեռ այն երկրները, որոնք կարողացել են տնտեսական աճի համարձակ քայլերի և հարկաբյուջետային ու դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն վարելով միջին ժամկետներում հասնել նաև ֆիսկալ կայունության ապահովմանը, կարողացել են արձանագրել լուրջ հաջողություններ։

Երկրորդ թյուրըմբռնումը մեր արտաքին պարտքի կառավարման հարցում է: Այն պնդումները, որ իբր մեր ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերակցությունը գտնվում է միջազգային չափանիշներով սահմանված ընդունելի սահմաններում, այսինքն՝ ավելի ցածր է ՀՆԱ-ի 60%-ից, կտանի մեզ սխալ ուղղությամբ: Այդ 60%-ի հարաբերակցությունը ընդունելի սահմանագիծ է քիչ թե շատ լուրջ ծավալով բյուջե ունեցող երկրների համար: 2013թ. մեր այս փոքր՝ երեք միլիարդ դոլարից պակաս բյուջեում 420 մլն դոլար նախատեսված է պարտքի մարմանը և սպասարկմանը: Մոտավորապես նույնքան գումար նախատեսվում է մեր բանակի և անվտանգության հարցերին: Պետությունների կենսունակության պատմության մեջ կա մի անհերքելի ճշմարտություն՝ երբ պարտքին հատկացված ծավալները հասնում են պետական անվտանգության ապահովման ծախսերին, այդ երկիրը կարող է արդեն հայտնվել անկման լուրջ վտանգի առաջ։
Ի՞նչ է ակնկալում հասարակությունը այս բյուջեից։

1. Հույս և հավատ երկրի ապագայի զարգացման և հեռանկարի նկատմամբ: Այս բյուջեն իր մեջ սրա անգամ նշույլը չի պարունակում: Սա շատ մռայլ բյուջե է: Երբ ֆինանսների նախարարին հարցրին, թե մեկ բառով ինչպես կբնութագրի այս բյուջեն, նա խուսափեց պատասխանելուց՝ ասելով, որ այն կարելի է անվանել 2013թ. բյուջե։ Ես կասեի, որ հույսի առումով սա նույնիսկ 93-ի բյուջե չէ: Նույնիսկ այդ ամենածանր օրերին այդ օրվա բյուջեում ավելի շատ հույս և հավատ կար: Այս բյուջեում չկա ոչ մի մեծ ծրագիր, չկա որևէ ոլորտ, որը կարող է դիտարկվել որպես տնտեսության շարժիչ ուժ: Ընդամենը նախատեսվում է 6% ՀՆԱ-ի աճ: Բայց մենք գիտենք՝ այդ թիվը ինչպիսի հնարքներով է ստացվում:

Օրինակ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդոլոգիայի, ՀՆԱ-ի ցուցանիշը կարելի է ճշգրտել երկու տարվա կտրվածքով։ Հենց դրանից է օգտվել կառավարությունը և 2011թ. ՀՆԱ-ի նախնական ցուցանիշը (հրապարակվել է այս տարվա փետրվարին) վերահաշվարկել՝ նվազեցնելով 40,8 մլրդ դրամով։ Պարզ ասած՝ Վիճակագրական ծառայությունը նվազեցրել է բազային տարվա ՀՆԱ-ի ծավալը, ինչի արդյունքում կառավարությունը հնարավորություն է ստացել լրացուցիչ 1% տնտեսական աճ ստանալ։

Մյուս գործոնը, որը կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովել ներկայում արդեն նախատեսվող 7% տնտեսական աճը, դեֆլյատորն է։ 2012թ. բյուջեի հիմքում դնելով 4,2% տնտեսական աճ՝ նախատեսված էր, որ դեֆլյատորը կլինի 4,6%. բայց չգիտես ինչու հետո որոշվում է, որ այն ավելի փոքր պետք է լինի՝ 2,4%։ Արդյունքում անվանական ՀՆԱ-ն էապես աճում է։

2. Աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում: Այս առումով նույնպես բյուջեում ոչ մի լուրջ դրույթ չկա: Ո՛չ աշխատավարձերի, ո՛չ նպաստների որևէ բարձրացում չի նախատեսվում՝ չհաշված վերջերս նվազագույն աշխատավարձի 2500 դրամով բարձրացումը, որը կառավարության կողմից նախատեսված 4% սղաճի պայմաններում համարյա թե հավասարվում է զրոյի: Բյուջեից չի երևում, թե որ ոլորտներում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Այդ հարցին չկարողացավ պատասխանել նաև ֆինանսների նախարարը՝ ասելով, որ նախատեսվում է 10 000 աշխատատեղ ստեղծել:

3. Հասարակությունն ակնկալում է խորքային բարեփոխումներ՝ մենաշնորհների վերացում, հավասար մրցակցային դաշտի ստեղծում և հատկապես բարեփոխումներ հարկային ոլորտում: Այս բյուջեից չի երևում, որ կառավարությունը որևէ ցանկություն ունի ինչ-որ բան անելու այդ ուղղությամբ։

Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը շարունակելու է մնալ տարածաշրջանում ամենացածրը: Այն, որ գալիք տարում լուրջ հարկային վարչարարություն չի կատարվելու, նույնպես երևում է բյուջեից։ Կառավարությունը 2013թ. բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների մոտ 119 մլրդ դրամից վարչարարության հաշվին ծրագրում է հավաքագրել 27,7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2012թ. հավաքագրվելիք լրացուցիչ 101 մլրդ դրամից վարչարարության հաշվին նախատեսված էր հավաքագրել 39,7 մլրդ-ը։

Այս վերջին շրջանում բյուջեի քննարկման ընթացքում եղել են բազմաթիվ լուրջ և կառուցողական առաջարկություններ, որոնք կարող էին էապես լավացնել բյուջեն՝ նպաստելով տնտեսական աճին, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը և երկրի զարգացմանը: Կառավարությունը մերժել է բոլորը՝ հիմնավորելով, որ գումարներ չկան:

Մեր խորին համոզմամբ կան գումարներ, որոնց տեղն ակնհայտ և տեսանելի է ինչպես մեզ, այնպես էլ կառավարությանը։ Պարզապես չկա ցանկություն, քաղաքական կամք՝ գնալու այդ գումարների հետևից:

Որո՞նք են այն հիմնական չարաշահումները, որոնք, ժողովրդի լեզվով ասած, կոտրում են բյուջեի ողնաշարը:

1. Ստվերը. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օրերս հրապարակված տարածաշրջանային զեկույցում «ոչ ֆորմալ տնտեսությունը» Հայաստանում կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։ Համեմատության համար՝ նույն զեկույցում նշվում է, որ ոչ ֆորմալ տնտեսությունը Ուզբեկստանում ՀՆԱ-ի 15%-ն է։

2. Հարկերից խուսափումները՝ հատկապես մեծ տնտեսավարողների կողմից:

3. Տնտեսական մենաշնորհները և անօրինական արտոնությունները:

4. «Ատկատները»:

5. Ծրարով աշխատավարձ ստանալը:

Եթե առաջին չորսի մասին հաճախ խոսում ենք, ապա այս վերջինը անտարբերության է մատնվում: Այստեղ կան շատ լուրջ ռեսուրսներ և՛ բյուջեի, և՛ սոցվճարումների առումով: Այսօր և՛ պետական համակարգում, և՛ մասնավորում բնական երևույթ է դարձել աշխատավարձ տալ հնարավոր նվազագույնը՝ վճարելով եկամտահարկերը և սոցվճարումները այդ գումարից, իսկ աշխատավարձի հիմնական մասը տալ առձեռն՝ ծրարի մեջ: Սա մի երևույթ է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել:
Մեծ հաշվով այս բյուջեն արտացոլում է կառավարության ծրագիրը, որի մասին մենք մեր դիրքորոշումը արդեն հայտնել ենք. ինչպես ծրագրում, այնպես էլ այստեղ չկա տնտեսական քաղաքականություն, գաղափարախոսություն, չկա ուղղվածություն, չկա նպատակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում