Երևանում մեկնարկել է Եվրամիության հայաստանյան «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչը, որի խնդիրն է ապրանքների նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդումը, հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Նշենք, որ մաքսային ընթացակարգերի բարելավմանն ուղղված ու ԵՄ կողմից ֆինանսավորվող մոտ €1 մլն բյուջեով այս ծրագրի տևողությունը երկու տարի է:
«Սա աշխատաժողով է, որի ժամանակ երկուստեք վերլուծություն է իրականացվում, փաստացի կատարվում է դիագնոստիկա ներկա իրավիճակի, մեր գործընթացների, համեմատում, գտնում ենք եզրեր եվրոպական գործընթացների հետ և հնարավոր լուծումներ առաջարկում համատեղ այդ ծրագիրն իրականացնելու համար»,- ասել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:
«Թվինինգի» երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեն նշել է, որ այսպիսի թվինինգ ծրագրերը կազմակերպվում են ոչ բոլոր երկրների համար, այլ միայն նրանց, որոնք արդեն արձանագրել են առաջընթացի այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս համագործակցել:
«Մինչ այժմ եղածներից այս ծրագիրը տարբերվում է նրանով, որ սա ուսումնառության ծրագիր չէ, այլ համագործակցության, երկխոսության, աշխատանքային տարբեր հանդիպումների միջոցով իրականացվող ծրագիր: Ամբողջ ծրագիրը կազմված է 5 բաղադրիչներից, որոնք ներառում են մաքսային ծառայության գործունեության բոլոր ոլորտները»,- ասել է Միցկիենեն:
Ծրագիրը կաջակցի նաև Հայաստանի մաքսային ծառայությանը Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում, այն իրականացվում է ԵՄ երկու մաքսային համակարգերի` Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր Մաքսային վարչության և Ֆինլանդիայի մաքսային համակարգի ազգային խորհրդի կողմից:
Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ 2012թ. հունիսին ՊԵԿ-ում մեկնարկած «Թվինինգ» ծրագիրն իրականացվում է Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների կոնսորցիումի կողմից։ Այն ենթադրում է իրավական դաշտի, նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի կատարելագործում, գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդում, հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացում:
Civilnet











