Գլխավոր Լրահոս

Մռայլ իրողություններ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, խախտելով մի քանի ամիս տևող լռությունը, ընտրական համակարգի բարեփոխման նպատակով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի վերաբերյալ հոդված է հրապարակել, որում արտահերթ նիստը տապալելու ՀՀԿ դիրքորոշումը գնահատել է հակասահմանադրական: Որ իշխող կուսակցությունը պարբերաբար կարող է իրեն թույլ տալ վեր կանգնել օրենքներից և Սահմանադրությունից, կարծես արդեն ավանդույթ է: Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք սա այն թեմա՞ն էր, որի վրա իր ուշադրությունը պետք է կենտրոնացներ առաջին նախագահը: Հազիվ թե:

Նախագահական ընտրություններից առաջ երկիրն ըստ էության տնտեսական և քաղաքական լրջագույն դեպրեսիայի մեջ է, ինչի մասին, ի դեպ, մի քանի ամիս առաջ խոսել էր ինքը՝ Տեր-Պետրոսյանը:

Խորհրդարանական ընտրություններից հետո՝ Ազատության հրապարակում հանրահավաքին իր ելույթի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը հետևյալ կանխատեսումն էր արել. «Ամենևին մտադիր չլինելով աղետ գուշակել ու հուսահատություն սերմանել՝ չեմ կարող թաքցնել, որ այս ընտրություններից հետո Հայաստանի ապագան ինձ ավելի մռայլ ու անմխիթար է թվում։ Առնվազն անորոշ մի ժամանակ ևս մեր երկրի իրականության վերաբերյալ, առանց հումորի զգացողության, հնարավոր չի լինելու գործածել այնպիսի բնական բառազույգեր, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան և ժողովրդավարություն, Հայաստան և բարեկեցություն, Հայաստան և արդարադատություն, Հայաստան և արժանապատվություն, կամ իշխանություն և պատասխանատվություն, իշխանություն և պարկեշտություն, իշխանություն և բարեկրթություն, իշխանություն և օրինապաշտություն և այլն»:

Ցավոք, առաջին նախագահի վերոհիշյալ կանխատեսումները ներկա պահին իրականությանը շատ մոտ են: Հասարակության շատ լայն շրջանակների համար Հայաստանի ապագան շատ մռայլ ու անմխիթար է թվում: Արտագաղթի ահագնացող տեմպերը դրա անխոս վկայությունն են: Բնականաբար, երկրում տիրող դեպրեսիվ իրավիճակի համար առաջին հերթին մեղավոր է հենց իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, չի կարելի բացառել, որ մեղքի իրենց մեծ բաժինն ունեն նաև ոչ իշխանական ուժերը, որոնք խոսում են բարեփոխումների մասին: Հենց նրանք են պարտավոր շատ կոնկրետ ու նկատելի քայլերով հասարակության մոտ արթնացնել հույսը վաղվա օրվա նկատմամբ: Այն, որ հասարակության մեծամասնությունն ընդդիմադիր տրամադրություններ ունի, կասկածից վեր է: Տարօրինակ է, սակայն, որ ոչ իշխանական ուժերը չեն կարողանում սպասարկել և նյութականացնել ընդդիմադիր տրամադրությունները:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում