Գլխավոր Լրահոս

Հայաստանը դեռ պատրաստ չէ բջջային համարների տեղափոխելիությանը

Հայաստանը դեռ պատրաստ չէ բջջային համարների տեղափոխելիությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց, որ որոշում է ընդունվել Հայաստանում հուլիսին անցում կատարել MNP համակարգի: «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը «Մեդիամաքս»-ին ասել էր, թե «Օրանժը» սատարում է Հայաստանի իշխանությունների վճռական որոշումը՝ 2013թ. հուլիսին ներդնելու համարների տեղափոխության MNP համակարգը։ — Պարոն Արաբաջյան, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը հայտարարել է, որ 2013թ. հուլիսին Հայաստանում ներդրվելու է բջջային հեռախոսահամարների տեղափոխելիության (MNP) համակարգ։ Նման որոշում արդեն կայացվե՞լ է։ — Լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «իշխանությունների որոշում» արտահայտությունը, քանի որ հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը Հայաստանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Իսկ հանձնաժողովը MNP ծառայության ներդրման ժամկետների մասին որևէ որոշում չի ընդունել և հայտարարություն չի արել։ Ասվել է ընդամենը մեկ բան, որ այս տարվա աշխատանքային ծրագրում, որպես ծրագրային կետ, ներառված է այդ հարցը՝ այն կուսումնասիրվի, և կներկայացվի առաջարկություն։ Ընդ որում՝ այս պահին քննարկվում է ՀԾԿՀ-ի 2013թ. աշխատանքային ծրագիրը, այդ թվում՝ բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցող երեք օպերատորների հետ։ Բացի այդ՝ շրջանառության մեջ է դրվել և քննարկվում է որոշման մի նախագիծ, որում կամրագրվեն MNP-ի ներդրման հիմնական սկզբունքները, ուղղությունները, պայմանները, ինչպես նաև հստակ ժամկետները։ Ինչ վերաբերում է «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի տեղեկատվությանը, թե 2013թ. հուլիսին ներդրվելու է MNP համակարգ, չի համապատասխանում իրականությանը։ Ժամկետների վերաբերյալ որոշումը կընդունվի այս տարվա դեկտեմբերի կեսերին։ — Համակարգի ներդրման համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։ — Նախ՝ փոփոխություններ պետք է կատարվեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում։ Փոփոխությունների նախագիծը հանձնաժողովն արդեն ներկայացրել է կառավարություն. գործադիրն այն հավանության է արժանացրել և ուղարկել Ազգային ժողով։ Օրենքի նախագծին զուգահեռ կընդունվեն մի շարք իրավական ակտեր, որոնք կկանոնակարգեն տեխնիկական, ֆինանսական և այլ բնույթի խնդիրները, կկարգավորվի նաև համարների տեղափոխելիության գործընթացը։ Այս ամենին կհաջորդի տեխնիկական համակարգի ստեղծումն ու ներդրումը, որը ենթադրում է համարների միասնական բազայի առկայություն։ Պետք է լինեն որոշակի մասնագիտական հմտություններ ունեցող ընկերություններ, որոնք կկարողանան ներդնել համակարգը և շահագործել այն։ Ենթադրում եմ, որ կհայտարարվի մրցույթ, որի արդյունքներով, հաշվի առնելով գին/որակ հարաբերակցությունը, կորոշվի հաղթող ընկերությունը։ Համակարգը ստեղծելուց հետո, որում պետք է գրանցվեն տեղափոխված համարները, որոշ ժամանակ կհատկացվի թեստավորմանը։ Դրանից հետո միայն այն կհանձնվի կոմերցիոն շահագործման։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում մենք Ֆրանսիս Ժելիբտերի հայտարարած ժամկետում՝ 2013թ. հուլիս, պատրաստ չենք լինի։ — Այդուհանդերձ, ե՞րբ կներդրվի համակարգը, կա՞ն մոտավոր ժամկետներ։ — Ժամկետների վերաբերյալ առայժմ որևէ հստակեցում չկա։ Հուլիսը, ամեն դեպքում, իրատեսական չէ։ Համակարգի ներդրման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Իրատեսական ժամանակի մասին պատասխանը, կարծում եմ, կստանանք, երբ որոշման նախագիծը ներկայացվի հանձնաժողովի քննարկմանը և հաստատմանը։ Կան տեխնիկական մի շարք հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն համակարգի ներդրման փուլում։ Ասենք, օրինակ, կան երկրներ, որտեղ իրազեկումը, թե դուք զանգահարել եք այլ ցանց, կատարվում է երկար նախադասության միջոցով, ընդ որում՝ երեք լեզուներով, և տևում է մոտ 20 վայրկյան։ Մեկ այլ տարբերակ է, երբ տրվում են ձայնային ազդանշաններով՝ կտտոցներով։ Մեր ուսումնասիրություններով՝ երկու դեպքում էլ բաժանորդների մոտ եղել են դժգոհություններ։ Պետք է քննարկել տեխնիկական լուծումները, բաժանորդների համար անհարմարություններ չպետք է լինեն։ — Կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե որքան կարժենա համակարգի ներդրումը, կամ որքա՞ն կպահանջվի ներդրումների վերադարձելիության համար։ — Այս պահին մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և ինչ ենք անելու, ինչ սկզբունքով պետք է կատարվի համարների տեղափոխելիությունը։ Վերջնական խոսքը՝ որոշման տեսքով, հանձնաժողովինն է։ Ես հանձնաժողովում հինգ ձայնից ունեմ ընդամենը մեկը և կներկայացնեմ իմ անձնական կարծիքն ու դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է ներդրումներին, չէի ցանկանա ժամանակից առաջ ընկնել և գումարների վերաբերյալ հայտարարություններ անել, քանի որ մրցույթ է հայտարարվելու։ Նշեմ միայն, որ այս համակարգը էժան չէ՝ պետք է ստեղծվի միասնական բազա և շահագործվի։ Ընդ որում՝ ներդրումներ պետք է կատարեն նաև օպերատորները, որոնց ծավալը կախված կլինի նրանից, թե ինչպիսի տեխնիկական լուծումներ են տրված օպերատորների մոտ, բիլինգի ինչ համակարգեր են ներդրված։ — Դուք ուսումնասիրել եք միջազգային փորձը. MNP-ի ներդրումից հետո ինչպիսի՞ն է բաժանորդների հոսունությունը մեկ օպերատորից մյուսին՝ համարների պահպանման միջոցով։ — Այս համակարգն առաջին անգամ ներդրվել է տասը տարի առաջ Իսպանիայում, և բաժանորդների բավական մեծ հոսք է եղել։ Պրակտիկան ցույց է տալիս, որ մեծ հոսք է լինում այն շուկաներում, որտեղ օպերատորները մեծ մարժաներ ունեն, և անցման դեպքում բաժանորդների մոտ լուրջ խնայողություններ են առաջանում։ Եթե եվրոպական շուկաներում տասը տարի առաջ ARPU-ն (մեկ ակտիվ բաժանորդից միջին ամսական հասույթը) €200-250 էր, ապա 10% խնայելու դեպքում բաժանորդը լուրջ միջոցներ էր տնտեսում։ Հայաստանում միջին ARPU-ն ամսական $5-6 է։ Հասկանալի է, որ այս պայմաններում լուրջ միջոցների խնայողության մասին խոսք լինել չի կարող։ Մեր ուսումնասիրություններից երևում է, որ ԱՊՀ այն երկրներում, որտեղ վերջերս ներդրվել է այս համակարգը, հոսունությունը չի գերազանցել բաժանորդների ընդհանուր բազայի 1%-ը։ Ընդ որում՝ հոսունությունն արձանագրվում է առաջին երկու-երեք ամսում, ցուցանիշը հետագայում նվազում է մինչև 0,01%։ Հանձնաժողովում այս համակարգը դիտարկվում է որպես հնարավորություն, գործիք՝ օպերատորների սպասարկման և ծառայությունների որակը բարձրացնելու համար։ Երբ Եվրոպայում ներդրվում էր այս համակարգը, այն նպատակ ուներ խթանել մրցակցությունը։ Մեզ մոտ ներկայում նման խնդիր չկա, շուկայում մրցակցությունը բավական ակտիվ է։ Սակագների մասով ևս Հայաստանը բավական լավ դիրքեր ունի այլ երկրների համեմատ, իսկ ցանցերի, տեխնիկական հագեցվածության և ծածկույթի մասով առաջ ենք նույնիսկ եվրոպական մի շարք երկրներից։ — Դուք նշեցիք որ բաժանորդների հոսունությունը չի գերազանցում 1%-ը, թեև MNP-ի ներդրման ջատագովը՝ «Օրանժ Արմենիան», լուրջ հույսեր է կապում այս համակարգի հետ։ Մի՞թե այն օպերատորին շուկայում լուրջ առաջխաղացում կապահովի։ — Կարծում եմ՝ ոչ։ Ուսումնասիրություններից երևում է, որ այն երկրներում, որտեղ ներդրվել է այդ համակարգը, նախաձեռնությունը պատկանել է երրորդ օպերատորներին, որոնք ծավալներով նաև ամենափոքրն են եղել։ Երբ օպերատորի բազան ավելի փոքր է, բնականաբար բաժանորդների ելքային զանգերի զգալի մասն ուղղվում է այլ ցանցեր, ու ելքային զանգերի հաշիվը լինում է ավելի մեծ։ Այս պայմաններում MNP-ի ներդրումից շահում են մեծ օպերատորները, քանի որ բաժանորդների հիմնական շարժը ուղղվում է դեպի մեծ օպերատորներ, եթե նրանք նորմալ ծառայություններ են մատուցում։ Եթե որակի մասով մեծ օպերատորները խնդիրներ չեն ունենում, ապա ինչպես ցույց է տվել Վրաստանի, Բելառուսի փորձը, շահում են մեծ օպերատորները, քանի որ ունեն մեծ բազա և ցանցի մեծ ծածկույթ։ — Այդ դեպքում ինչո՞ւ է հենց «Օրանժ Արմենիան» շահագրգռված այս համակարգի ներդրումով և ոչ մյուս երկու օպերատորները։ — Կարծում եմ, որ «Օրանժը» այս համակարգը այլ ցանցերից բաժանորդներ ներգրավելու հնարավորություն է դիտարկում։ Թե ինչ կլինի իրականում, ցույց կտա ժամանակը՝ ընդամենը երեք-չորս ամիս։ Թե՛ ցանցի ծածկույթով, թե՛ բաժանորդային բազայով «Օրանժ Արմենիան» ամենափոքրն է, և օպերատորը քայլեր է կատարում բոլոր բնակավայրերը ցանցով ապահովվելու ուղղությամբ։ Այս համակարգի ներդրման համար խնդիրներ է ստեղծում նաև օպերատորների ցանցերի ծածկույթների անհամաչափ բաշխումը։ Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որտեղ ծածկույթ ունի ընդամենը մեկ կամ երկու օպերատոր, իսկ այս ծառայության հասանելիությունը պետք է ապահովվի հանրապետության ամբողջ տարածքով, դրանից պետք է կարողանան օգտվել բոլոր քաղաքացիները։ Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ այս համակարգը ներդրվի միայն Երևանում, որտեղ ձևավորվում է օպերատորների հասույթի հիմնական մասը։ Հանձնաժողովի քաղաքականությունը պահանջում է, որ հանրապետության ամբողջ տարածքում բաժանորդներին միատեսակ ծառայություններ մատուցվեն, որ օպերատորների բոլոր ծառայությունները հասանելի լինեն հեռավոր գյուղերում ու սահմանամերձ բնակավայրերում։ Զրուցեց Արմենակ Չատինյանը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում