Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ երկու երկրները համաձայնության են եկել հիմնական սկզբունքների շուրջ, մնում են տեխնիկական մասերը: Այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Չկան և չեն եղել այնպիսի հարցեր, որոնց շուրջ Հայաստանը և Ռուսաստանը չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել: Մենք մշտապես պայմանավորվել ենք: Բանակցային շրջանում հասարակությանը ներկայացնել այս կամ այն վիճակը կոնտեքստից դուրս, սխալ է: Դրա համար էլ, երբ կավարտենք բանակցային գործընթացը, ամեն ինչ պարզ կդառնա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ ռուսական կողմի հետ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ:
«Գազի գնի փոփոխությունը կկատարվի համաշխարհային կոնյունկտուրային համապատասխան: Հստակ է, որ գազի գինը չի կարող սահմանվել անժամանակ: Փոխվում է համաշխարհային միջավայրը, գները բարձրանում են կամ նվազում, և իհարկե, պայմանավորվածության եկող երկրները պետք է համաձայնության գան գնի սահմանման մեթոդի շուրջ: Այդ դեպքում ապագայում էլ փոփոխությունները կընդունվեն ավելի հանգիստ»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում շատերը կարծում են, որ հաջորդ տարվանից ներքին շուկայում գազի գինը կբարձրանա, Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից՝ ինչպիսին կլինի գազի գնի կոնյունկտուրան, այն կաճի, թե կնվազի:
«Պետք է դիտարկել: Այնպես որ, չեմ ցանկանում մեր հասարակությանը հաղորդել վատատեսական ազդակներ: Եկեք սպասենք»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը` հավելելով, որ բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում:
Civilnet











