Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» հրապարակման՝ 2011թ. բնակչության ավելի քան մեկ երրորդը՝ 35%-ը, երկրում աղքատ է եղել, 19,9%-ը՝ շատ աղքատ (յուրաքանչյուր հինգերորդը), 3,7%-ը՝ ծայրահեղ աղքատ։
2011-ին, նախորդող տարվա համեմատ, աղքատների թվաքանակը նվազել է մոտ 22 հազ-ով, շատ աղքատներինը՝ 43 հազ-ով, ծայրահեղ աղքատների թվաքանակը աճել է 23 հազ-ով։
Չնայած 2011-ին՝ 2010-ի նկատմամբ, աղքատության մակարդակը նվազել է 0,8 տոկոսային կետով, թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը շարունակել են գերազանցել 2008թ. ցուցանիշը (աղքատության մակարդակը՝ 27,6%)։ 2009-2011 թթ.՝ 2008թ. համեմատ, մոտ 250 հազ. մարդ դարձել է աղքատ, մոտ 240 հազ-ը՝ շատ աղքատ՝ ցուցանիշը հասցնելով 650 հազ-ի: Այս ընթացքում մոտ 70 հազ. դարձել է ծայրահեղ աղքատ (թվաքանակը 2011-ին՝ մոտ 120 հազ.)։
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է Դ111,5 մլրդ կամ ՀՆԱ-ի 3%-ի չափով գումար՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների։ Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի Դ3,9 մլրդ կամ ՀՆԱ-ի 0,1%-ը, ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության՝ բարձր հասցեականության պայմաններում։
Civilnet











