Գլխավոր Լրահոս

Առաջնագծում՝ միջանձնայինը

Օրեր առաջ վրացական newposts.ge կայքը սենսացիոն լուր էր հրապարակել, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում Հայաստանի իշխանությունները հայերով բնակեցված շրջաններում աշխատել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օգտին: Այսօր էլ պարզ դարձավ, որ վրացական «Սադախլո» մաքսակետում հայկական բեռնատարները խնդիրներ ունեն վրացի մաքսավորների հետ, որոնք պահանջում են 2000 լարի տուգանք վճարել բեռների քաշի անհամապատասխանության և այլ պատճառաբանություններով:

Միգուցե այս երկու իրողությունների միջև կապ չկա: Սակայն դատելով հայ-վրացական ոչ միանշանակ հարաբերությունների բնույթից՝ կարելի է ենթադրել, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը փորձում է այսպես ասած «դաս տալ» հայերին: Եթե այս երկու իրողության միջև որևէ կապ կա, ապա կարելի է ասել, որ հայ գործարարների համար «դրախտավայրի» իմիջ ձեռք բերած Վրաստանը իրականում այդքան էլ չի համապատասխանում այդ իմիջին: Փաստացի, բիզնես գործունեությունն այդ երկրում ոչ թե խրախուսվում է համակարգային կերպով, այլ կախված է իշխանավորների ցանկությունից և տրամադրությունից: Այս առումով Վրաստանը առնվազն անկանխատեսելի երկիր է, ինչը բիզնեսի համար գրավիչ հեռանկար չի բացում:

Հայ-վրացական հարաբերություններում նմանատիպ խնդիրների առաջացումը պայմանավորված է նաև Հայաստանի իշխանությունների պահվածքով: Նրանք երբեմն թույլատրելիից ավելի են միջպետական հարաբերությունները բերում միջանձնային հարաբերությունների մակարդակ: Դեռ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիի կուրծքը Երևանում զարդարեց շքանշանով, այն դեպքում, երբ դրանից առաջ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ու Սաակաշվիլին հրապարակայնորեն քարկոծել էին միմյանց:

Հայ-վրացական հարաբերություններում կարծես որևէ էական բան չփոխվեց, փոխարենը առայսօր բավական սառն են արդեն նախագահի աթոռին վերադարձած Պուտինի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները:

Փաստորեն, նույնանման իրավիճակ է ստեղծվում նաև այսօր: Բացահայտ Սաակաշվիլիի օգտին խաղալով՝ Հայաստանի իշխանությունները պղտորում են հայերի նկատմամբ առանց այդ էլ ոչ այնքան դրական տրամադրված Իվանաշվիլիի հետ հարաբերությունները: Արդյունքում տուժածների առաջին գծում հայտնվում են հայ գործարարները:

Հայաստանի իշխանությունները նույնանման դիրքորոշում որդեգրել էին նաև սիրիական ճգնաժամի սկզբում՝ իրենց հրապարակային գործողություններում հարելով Ասադին: Թերևս ուշացած, բայց ժամանակն է՝ նրանք հասկանան, որ առնվազն մեզ համար կարևոր երկրներում պետք է զգույշ լինել և աշխատել բոլոր շերտերի հետ:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում