Կենսաթոշակային բարեփոխումները ամենաբարդն են, քանի որ վերաբերում են հասարակության բոլոր շերտերին։ Այս մասին այսօր Կենսաթոշակային երկրորդ տարեկան համաժողովին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ուժը առկա թիմն է, որը ունի բավարար գիտելիքներ։ «Բայց դա բավարար չէ բարեփոխումներն իրականացնելու համար, անհրաժեշտ է, որ հասարակությունը լայն իրազեկված լինի իրականացվող բարեփոխումների մասին»,-ասաց վարչապետը՝ հավելելով, թե իրազեկման նպատակով ստեղծվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը»։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերը և միտումներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տարեցտարի ավելանում է կենսաթոշակառուների թիվը և մոտ ապագայում բաշխողական համակարգի պայմաններում 1 աշխատողին բաժին է ընկնելու 3 կենսաթոշակառու։ «Դա լուրջ բեռ է թե՛ աշխատողների, թե՛ տնտեսության վրա, և հանդիսանալու է տնտեսության զարգացման խոչընդոտ»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Միջազգային կառույցները նշում են, որ Հայաստանի համար ներկայում ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ յուրօրինակ պատուհան, որը պետք է օգտագործել կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու և պարտադիր կուտակային համակարգի անցում կատարելու համար։
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվություն կրի իր կենսաթոշակի և բարեկեցիկ ծերության համար»,- ասաց վարչապետը։ Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս որ բարեփոխումները հասարակության կողմից ցավագին են ընդունվում, և ծանր է լինում առաջին 2-3 տարին. պետք է փոխվի մարդկանց մտածելակերպը, վարքագիծը։
Քաղաքացիների մոտ կուտակումները մոտիվացնելու համար պետությունը կրկնապատկելու է կուտակումների գումարը։ Պարտադիր կուտակային վճարների չափը կազմելու է աշխատավարձի 10%-ը, որից 5%-ը վճարվելու է քաղաքացու, մյուս մասը՝ պետության կողմից։
Հայաստանում 2014թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պետք է անցնեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատող քաղաքացիները։
Civilnet











