Գլխավոր Լրահոս

Համակարգը դեգրադացնում է անձերին

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը չի բացառում, որ առաջիկայում դատախազությունում լինեն նոր պաշտոնանկություններ:

«Որևէ ոլորտում նոր պաշտոնանկության հնարավորություն չի բացառվում: Եթե մարդ ընդունվում է աշխատանքի, ենթակա է նաև աշխատանքից ազատվելու՝ նաև սեփական դիմումի համաձայն, պարտադիր չէ խախտման»,– լրագրողներին ասել է նա:
Որ Հայաստանի դատախազական համակարգում լուրջ կադրային բարեփոխումների կարիք է զգացվում, կասկածից վեր է: Ավելին, դատելով այդ կառույցի նկատմամբ հանրային վստահության աստիճանից կամ դրա բացակայությունից, կարելի է ասել, որ այդ համակարգը ֆունդամենտալ բարեփոխումների կարիք ունի:

Սակայն գործող համակարգի պարագայում առանձին կադրերի վերադասավորումները գրեթե խնդիր չեն լուծում: Ավելին՝ համակարգը շատ արագ կադրերին անապատացնում է իր կանոններին և պահանջներին, որից հետո այդ նույն փոփոխված կադրերը սկսում են գործել ոչ թե օրենքի տառին համապատասխան, այլ համակարգի օրենքներով: Հատկանշական է, որ Հայաստանի պետական համակարգում տեղի է ունենում ոչ թե կադրերի փոփոխություն, այլ կադրերի փոխատեղում: Արդեն գրեթե երկու տասնամյակ է, ինչ պետական համակարգում կադրերի շրջապտույտ է տեղի ունենում: Բնականաբար, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Եթե Աղվան Հովսեփյանի պաշտոնին նշանակեն, ասենք, Արամ Թամազյանին, գրեթե 100-տոկոսանոց համոզվածությամբ կարող ենք ասել, որ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մեջ էական փոփոխություն չի նկատվի:

Ուշագրավ է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի օրինակը: Մինչև նախարար նշանակվելը նա ուներ լավ իրավաբանի իմիջ, սակայն արդարադատության համակարգում գլխավոր պաշտոններից մեկը ստանձնելուց հետո կարծես սկսեց գործել համակարգի սահմանած կանոններով: Մինչ այդ ՀԿ-ների ոլորտում գործունեություն ծավալող և ժողովրդավարական արժեքների համար պայքարող Հրայր Թովմասյանին սկսեցին բնական թվալ կալանավորների կողմից ինքնախոշտանգման երևույթները:

Պաշտոնյաների նման կտրուկ փոփոխվող մոտեցումները ժողովրդավարական արժեքների նկատմամբ լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես է գործող համակարգը դեգրադացնում իր կադրերին:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում