Գյուղատնտեսական սեզոնի ավարտին զուգահեռ Հայաստանում արագացել է գնաճի տեմպը։ 2012թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3,6% (թիրախային ցուցանիշը՝ 4±1,5%), այն դեպքում, երբ հոկտեմբերին ցուցանիշը 3,4% էր, սեպտեմբերին՝ 2,5%։
Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում հունվար-նոյեմբերին» հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները աճել են 3,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,8%-ով, ծառայությունների սակագները՝ 2%-ով։
2012թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,4% գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 2,4%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5%-ով, ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0,1%։
Պարենային ապրանքների գնաճը պայմանավորված է հիմնականում ձվի, մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում գների 2,8-21,7% բարձրացմամբ։ Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ամսական կտրվածքով արձանագրված 21,7% գնաճը պայմանավորվել են սմբուկի (գների աճը՝ 28,9%), սնկի (գների աճը՝ 31%), կանաչ պղպեղի՝ (գների աճը՝ 45,3%), կանաչ լոբու (գների աճը՝ 50,9%), վարունգի (գների աճը՝ 54,8%), լոլիկի (գների աճը՝ 96,3%) գների աճը։
Նոյեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ձվի միջին գինը նվազել է 3,2%-ով, կենդանական և բուսական յուղերը թանկացել են 3,4%-ով: Վերջինս պայմանավորված է եղել հիմնականում ներկրվող արևածաղկի և ձիթապտղի բուսական յուղերի, համապատասխանաբար, 1,7% և 2,9% թանկացմամբ։
2012թ. նոյեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10,7% գնաճ։
Civilnet











