Գլխավոր Լրահոս

«ՍԱՍ գրուպը» որոշել է պարտատոմսեր թողարկել

«ՍԱՍ գրուպը» որոշել է պարտատոմսեր թողարկել

Սուպերմարկետները կխթանեն
կապիտալը
«ՍԱՍ գրուպը» որոշել է պարտատոմսեր թողարկել
Սուպերմարկետների «ժողովրդական» IPO-ն կարող է խթանել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը։ Բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը ընկերություններին կարող է լրացուցիչ շրջանառու միջոցներ ապահովել, շահույթների աճ երաշխավորել ու բոլորովին այլ հարթություն տեղափոխել մրցակցությունը շուկայում։
Այս ճանապարհին արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով կապիտալի շուկա մուտք գործելու մասին հայտարարել է «ՍԱՍ գրուպը»։

2007թ. Հայաստանի կառավարությունը (վարչապետությամբ Սերժ Սարգսյանի) և Կենտրոնական բանկը (նախագահությամբ Տիգրան Սարգսյանի) սկանդինավյան OMX բորսայական օպերատորին (2008թ. OMX-ը միավորվեց ամերիկյան Nasdaq-ի հետ) խոստացել էին ապահովել մոտ 30 ընկերության մուտք արժեթղթերի հայկական շուկա՝ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով։ Այդ խոստման հիման վրա OMX-ը ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերը։ Խոստումից անցել է հինգ տարի, իշխանություններն այդպես էլ չեն կարողացել խթանել ընկերությունների բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը։

2009թ. կառավարությունը որոշեց անգամ պետական վեց ընկերությունների մասնավորեցումը կազմակերպել բորսայի միջոցով. բայց այդ ընկերությունների գրավչությունը բավական ցածր էր, և դրանք այդպես էլ չսեփականաշնորհվեցին։

Անցած տարիների ընթացքում միակ ընկերությունը, որն IPO իրականացրեց, «Արցախի հէկն» էր (բաժնետոմսերի առաջին տեղաբաշխումը տեղի ունեցավ 2009թ.)։ Այդուհանդերձ, ներկայում ձևավորվել է մի իրավիճակ, որը կարող է նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը։

Արտարժութային պարտատոմսերի թողարկման միջոցով կապիտալի շուկա մուտք գործելու մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է «ՍԱՍ գրուպը»։ Ընկերությունը 2012թ. դեկտեմբերի 6-ից մինչև 2013թ. հունվարի 10-ը «Ամերիաբանկի» միջոցով տեղաբաշխելու է $10 անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսեր։ Նախատեսվում է տեղաբաշխել թվով 700 հազ. պարտատոմս՝ $7 մլն ծավալով, 2 տարի շրջանառության ժամկետով և տարեկան 10,1% եկամտաբերությամբ։

Ընկերության գործունեության բնույթն այնպիսին է, որ այն հնարավորություն ունի իրականացնել նաև բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում։ IPO-ի իրականացումը Արտակ Սարգսյանի («Հանրապետական» խմբակցության պատգամավոր) հիմնադրած ՍԱՍ սուպերմարկետների ցանցին կարող է ապահովել լրացուցիչ շրջանառու միջոցներ, ապահովել շահույթների աճ, ինչպես նաև դրդել մանրածախ մյուս ցանցերին մուտք գործել կապիտալի շուկա։

Ի տարբերություն պարտատոմսերի՝ բաժնետոմսերի շահութաբերությունը կախված է ընկերության ֆինանսական վիճակից։ Պարզ ասած՝ որքան մեծ է ընկերության շահույթը, այնքան բարձր են բաժնետոմսերի եկամուտները։ Որոշակի աշխատանքի դեպքում ընկերությունը կարող է քաղաքացիներին համոզել խնայողությունները պահել ոչ թե ավանդներում, այլ դրանք ներդնել ընկերությունում։

Մանրածախ առևտրում մասնագիտացած ընկերությունը բաժնետոմսերի «ժողովրդական» տեղաբաշխման միջոցով կարող է հաճախորդներին դարձնել բաժնետեր՝ ազդելով նրանց վարքագծի վրա։ Դառնալով սուպերմարկետի բաժնետեր՝ նույնիսկ չնչին բաժնեմասի պայմաններում քաղաքացին շահագրգռված է լինելու առևտուր իրականացնել հենց այդ ցանցի սուպերմարկետից, քանի որ ընկերության ֆինանսական վիճակից է կախված լինելու իր բաժնետոմսերի շահութաբերությունը։ Բաժնետոմսերի հանրային տեղաբաշխման արդյունքում կշահեն թե՛ սուպերմարկետի խոշոր բաժնետերերը, թե՛ քաղաքացիները։

Մյուս կողմից՝ մի քանի հարյուր բաժնետեր ունեցող սուպերմարկետների ցանցը բաժնետերերի վարքագծի միջոցով կարող է վերացնել սուպերմարկետների բիզնեսում առկա անազնիվ մրցակցային երևույթները՝ ազդելով նաև մատակարարների վրա։

«Ժողովրդական» IPO կարող են իրականացնել նաև սննդամթերքի, զովացուցիչ ըմպելիքների շուկայի ընկերությունները՝ այդ ճանապարհով լուրջ մրցակցային առավելություն ստանալով մրցակիցների նկատմամբ։ Այս ճանապարհին բիզնեսը ու բիզնեսի հետ փոխկապակցված իշխանությունները պետք է կարողանան ավելի հասանելի դարձնել «Ժողովրդական» IPO-ի առավելությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում