«Արցախ ՀԷԿ»-ը այսօր սկսել է $6 մլն ծավալով թողարկված պարտատոմսերի տեղաբախումը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։ Պարտատոմսերի անվանական արժեքը $10 հազ. է, տարեկան եկամտաբերությունը՝ 10%, մարման ժամկետը 36 ամիս։ Պարտատոմսերը տեղաբաշխում է «Արմսվիսբանկը», տեղաբաշխումից հետո դրանք ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:
Ըստ ազդագրի՝ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված միջոցները ընկերության կողմից օգտագործվելու են պարտավորությունների վերաֆինանսավորման, շրջանառու միջոցների ձեռք բերման և համալրման, ինչպես նաև կապիտալ շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Մասնավորապես՝ նախատեսվում է Թրղե 3 հէկ-ի կառուցմանը ուղղել $1,15 մլն, ընկերության կողմից օգտագործված միջոցների վերաֆինանսավորմանը՝ $4,79 մլն։
ՍիվիլՆեթ-ին Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հոկտեմբերի սկզբին ասել էր, թե «Արցախ ՀԷԿ»-ը որոշում է կայացրել բավարարել ներդրողների կողմից ներկայացված պահանջարկը և թողարկել արտարժութային պարտատոմսեր։ «Սփյուռքահայ ներդրողները, պայմանավորված փոխարժեքի տատանումներով, խուսափում են դրամային ներդրումներ կատարել և ձեռք բերել դրամային արժեթղթեր»,– ասել էր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշում է կայացվել թողարկել արտարժութային պարտատոմսեր, որոնք ներդրողներին կապահովեն կայուն եկամուտներ և կախված չեն լինի փոխարժեքից։ Հարությունյանի խոսքով՝ «Արցախ ՀէԿ»-ը աշխատելու է երկու՝ թե՛ պարտատոմսերի տեղաբաշխման, թե՛ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման տարբերակով էլ։
«Արցախ ՀէԿ»-ի բաժնետիրական կապիտալի կառուցվածքը բավարարում է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկմանը և չի վտանգի հիմնական բաժնետիրոջ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության շահերը։ «Արցախ ՀԷԿ»-ի (կանոնադրական կապիտալը՝ Դ10,65 մլրդ) բաժնետոմսերի 47,89%-ը պատկանում է ԼՂՀ կառավարությանը, 35%-ը՝ թվով չորս խոշոր բաժնետերերի, 17,11%-ը՝ 1261 փոքր բաժնետերերի:
Civilnet











