Գլխավոր Լրահոս

Խորհրդավոր լռություն

Նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրմանը հաշված օրեր են մնացել, սակայն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդի տեղը շարունակում է թափուր մնալ: Մինչ այժմ որևէ ազդեցիկ կուսակցություն կամ քաղաքական ուժ չի հայտարարել Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու մասին: Քաղաքական և հասարակական դաշտում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակցին տեսնում են ի դեմս ԲՀԿ-ի և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Ընդ որում՝ ընդդիմադիր դաշտի որոշակի հատված իշխանափոխության հեռանկարը տեսնում է ԲՀԿ-ի շուրջ քաղաքական և հասարակական կոնսոլիդացիայի մեջ:

Սակայն խորհրդարանական ընտրություններին շուրջ կես միլիոն վստահության քվե ստացած քաղաքական այս ուժը տևական ժամանակ է՝ հապաղում է նախագահական ընտրությունների մասին դիրքորոշում հայտնել: Նախորդ շաբաթ ակնկալվում էր, որ ԲՀԿ-ն այս շաբաթ կհայտարարի իր որոշման մասին, որը ենթադրում է առանձին թեկնածուով պայքարի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Սակայն ԲՀԿ-ն կարծես նորից անորոշ ժամանակով հետաձգում է հայտարարությունը, թե ինչ ձևաչափով է մասնակցելու նախագահական ընտրություններին:

ԲՀԿ լռությունը անհասկանալի է: Երկրում փաստացի երկրորդ քաղաքական ուժը կարծես հստակ ռազմավարություն չունենա, թե ինչու և ինչպես է գնալու նախագահական ընտրությունների: Այլ կերպ դժվար է բացատրել այսքան երկար լռությունը, որը թերևս խոսում է այն մասին, որ կուսակցությունում որոշումները կայացվում են իրավիճակային, ոչ թե նախապես մշակված ծրագրի կամ սցենարների համաձայն:

Ակնհայտ է, որ ԲՀԿորոշման կայացումը հերթական անգամ հետաձգվել է դեկտեմբերի 8-ին Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Իսկ ինչպե՞ս կարող էր Սերժ Սարգսյանն ազդել Գագիկ Ծառուկյանի որոշման վրա: Միգուցե Սերժ Սարգսյանն ակնարկել է, թե ինչքան ծանր կարող է նստել Ծառուկյանի և նրա թիմի վրա իշխանության հետ առճակատումը՝ ձեռքի հետ հիշեցնելով քաղաքական այն ուժերի մասին, որոնք կողմ են արտահայտվում միասնական թեկնածուով Սերժ Սարգսյանին տապալելու օգտին, սակայն զուգահեռաբար «երկխոսում» են տապալման օբյեկտ հանդիսացող մարդու հետ:

Թերևս պատահական չէր, որ Ծառուկյանի հետ հանդիպման նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև իշխանափոխության ջատագով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սրանով հավանաբար ՀՀԿ առաջնորդը ԲՀԿ առաջնորդին հուշել է երկար մտածել բաց դաշտում իր հետ «մենամարտի» դուրս գալուց առաջ:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում