Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի հերթական տրանշը` $51,4 մլն

ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի հերթական տրանշը` $51,4 մլն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի հինգերորդ ամփոփիչ ստուգումը, հաղորդում են ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

Ամփոփիչ ստուգման եզրափակումը իշխանություններին տալիս է լրացուցիչ  33,5 մլն SDR (մոտավորապես $51,43 մլն) փոխառելու հնարավորություն՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 211,8 մլն SDR-ի (մոտավորապես $324,4 մլն): Հայաստանի հետ 266,8 մլն SDR ($408,7 մլն) գումարով EFF  և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է 2010թ. հունիսի 28-ին:

Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների դիմումին՝ շուկայում անսպասելի ճնշումների հետևանքով զուտ պաշտոնական միջազգային պահուստների նվազագույն սահմանաչափի 2012թ. հունիսի վերջի համար սահմանված  կատարողական չափորոշչի չպահպանման համար բացառություն անելու և 2012 թ. դեկտեմբերի վերջի համար կատարողականի նույն չափորոշիչը փոփոխելու մասին:

Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է նաև Հայաստանի հետ IV հոդվածի շրջանակում իրականացվող խորհրդակցությունները, որոնց ժամանակ քննարկվում են միջնաժամկետ տեսանկյունից տնտեսական քաղաքականությունը և քննության է առել Հայաստանի հետ հիմնադրամի փոխհարաբերությունների վերաբերյալ փաստացի գնահատման վերանայված զեկույցը (Ex Post Assessment Update report on Fund relations with Armenia):  Գործադիր խորհրդի քննարկումից հետո կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Նեմաթ Շաֆիկը նշել է. «Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում 2008-2009 թթ. արձանագրված խոր անկումից: 2012թ. տնտեսության աճը արագացել է, և սպասվում է, որ 2013թ. այն կգտնվի պոտենցիալ մակարդակի շուրջը: Այնուամենայնիվ դեռևս պահպանվում են խոցելիություններ, որոնք պայմանավորված են ընթացիկ հաշվի մեծ պակասուրդով և բանկային հատվածի դոլարայնացման բարձր աստիճանով:

Ծրագրի շրջանակում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ընթանում է հունով, սակայն զուտ միջազգային պահուստները մայիս-հունիս ամիսներին հայտնվեցին անսպասելի ճնշումների ներքո, երբ կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկեց շուկայի ապակայունացումից խուսափելու համար: Այնուհետև կենտրոնական բանկը կարողացել է հետ գնել կորցրած պահուստների մի մասը: Այնուամենայնիվ, պահուստների ամբողջական վերականգնումը կենթադրեր շուկայի վրա անհարկի ճնշումներ:

Հարկաբյուջետային կոնսոլիդացումը շարունակել է առանցքային դեր կատարել տնտեսության վերականգնման գործում, և ողջունելի է հարկաբյուջետային այդ ռազմավարության իրականացումը շարունակելու իշխանությունների հանձնառությունը: Առաջիկայում հարկաբյուջետային կոնսոլիդացումն ավելի շատ պետք է ապավինի եկամուտների ավելացմանը, որը հնարավորություն կտա իրականացնելու սոցիալական և ներդրումային ավելի մեծ ծախսեր՝ միաժամանակ կրճատելով պակասուրդը և պարտքը:

Ֆինանսական հատվածը շարունակում է կայուն մնալ. վերջերս քայլեր են ձեռնարկվել համակարգում վերահսկողությունը կատարելագործելու և իրացվելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ գործարար միջավայրի համար շարունակվել են կառուցվածքային բարեփոխումները, սակայն լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրավական դաշտի ամրապնդման, կառավարման բարելավման և մրցունակության բարձրացման համար»:

Նշենք, որ 2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի շրջանակում Հայաստանը մինչև 2013թ. ԱՄՀ-ից պետք է ստանա ընդհանուր առմամբ 266,8 մլն SDR-ի ($403,8 մլն) վարկային միջոցներ։ Հունիսի 15-ի տրանշի հետ միասին Հայաստանն արդեն ստացել է $178,3 մլն SDR ($269,8 մլն)։

Ծրագրերի շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետ կտրվածքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում