Հայաստանի պատմության վերջին հինգ տարիներն առանձնանում են ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ, այլև քաղաքական դաշտի ամայացման խորացող միտումներով: 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին հասարակությունը կարծես կանգնած է հատկապես ընդդիմադիր դաշտի հիմնահատակ ամայացման շեմին: Բնականաբար, այդ վակուումը երկար ժամանակ չի կարող պահպանվել, այն պետք է լրացվի: Սակայն այս իրավիճակում Սերժ Սարգսյանն առանց արյունահեղության ու մեծ ջանքերի վերընտրվելու աննախադեպ շանս է ստանում՝ չնայած Հայաստանի բնակչության աննախադեպ դժգոհություններին ու հիասթափությանը:
Նախագահական այս ընտրություններին Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու պոտենցիալ ունեցող միակ ուժը քաղաքական և հասարակական շրջանակներում դիտարկվում էր ԲՀԿ-ն: Մինչև անցած շաբաթվա վերջը ակնկալվում էր, որ ԲՀԿ-ն հանդես կգա սեփական թեկնածուով, և ընտրություններում առնվազն մրցակցություն կլինի: Սակայն մամուլում ակտիվորեն շրջանառվող Սարգսյան-Ծառուկյան հանդիպման լուրից (որը չի հերքվել) հետո ընդամենը մեկ օրում իրավիճակ փոխվեց: Ներկայում, կարծես, Ծառուկյանը, տեղի տալով իշխանությունների կողմից իր թիմակիցների նկատմամբ ճնշումների սաստկացմանը և հիմնավորված զգուշանալով, որ առճակատման ժամանակ կարող է միայնակ մնալ Սերժ Սարգսյանի դեմ, որոշել է այնուամենայնիվ չմասնակցել գալիք նախագահական ընտրություններին: Բնականաբար, այս քայլից հետո Սերժ Սարգսյանի համար որևէ խոչընդոտ չի լինելու ևս մեկ անգամ զբաղեցնել նախագահի աթոռը, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի:
Քաղաքական դաշտում նման անհուսալի իրավիճակ ստեղծվել է Սերժ Սարգսյանի և դաշտում գործող հիմնական ուժերի հետևողական ջանքերի շնորհիվ: Գործող նախագահը պարզապես փչացրել և դեգրադացրել է քաղաքական համակարգը: Բայց ՀՀԿ առաջնորդը ցանկալի արդյունքի չէր հասնի, եթե դիմացը կանգնած լինեին առողջ, սկզբունքային և գաղափարական ուժեր, որոնք ունակ են ամբիցիաներն ու մանր շահերը մի կողմ դնել՝ հանուն մեծ նպատակի:
Սերժ Սարգսյանի իշխանության տարբեր ժամանակահատվածներում նրա հետ «երկխոսող», «խորհրդակցող» և «հանդիպող» քաղաքական ուժերն ու գործիչները որակապես ոչնչով չեն տարբերվում իշխանությունից և գտնվում են բարոյական դեգրադացիայի նույն մակարդակի վրա: Քաղաքական այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ նպաստել են, որ քաղաքական համակարգը հասնի նեխածության այսօրվա կրիտիկական կետին, թերևս նույնպես պատասխանատու են Հայաստանում ստեղծված իրավիճակի համար:
Քաղաքական դաշտի ամայացում
Թեմա











