Գլխավոր Լրահոս

Բուտաֆորիկ ՀՀԿ-ականի վերջին ցավը

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ էթիկայի հանձնաժողովում պետք է ավելացվեն իշխանության տեղերը: Նրան չի բավարարում այն, որ ԱԺ բոլոր խմբակցություններն այնտեղ մեկ ձայն ունեն: «Ես բազմաթիվ հնարավորություններ ունեմ»,– լացելու նման ասել է իրավաբան խորհրդարանականը, որին հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջին նիստում զրկել էր ձայնի իրավունքից: Թույլ տամ նկատել, որ ասվածը, այնուամենայնիվ, բարբարոսի բառապաշար է, թեկուզ արցունքների միջից: Թեկուզ ցավի գրգիռներին հանձնված: Բայց միայն բարբարոսը կարիք ունի իր դաժանությունն ի ցույց դնելուց հետո պատմել դաժանության հնարավորությունների մասին: Այսինքն՝ հնարավորություններով պարծենալը արդեն հակաէթիկական է և էթիկայի հանձնաժողովի քննարկման թեմա:

Նախ մենք գիտենք ձեր՝ հանրապետականներիդ հնարավորությունները: Մենք համոզվեցինք դրանում Ծառուկյանի կայացրած որոշումով: Երկրորդ՝ ձեր հնարավորությունները մարդկանց մասին չեն, ձեր հնարավորություններից արյուն է չռռում, երրորդ՝ ձեր հնարավորությունները Հայաստանը դարձրել են բուտաֆորիա, երբ օրենք, արդարություն և խիղճ բառերն արդեն նախապատմական են դառնում: Չորրորդ՝ կուսակցականը հնարավորություններով չի պարծենում, նրա հնարավորությունները նրա կուսակցության կանոնադրությունն է: Բայց դուք՝ ՀՀԿ-ականներդ, ապացուցել եք, որ բուտաֆորիան լայն հասկացություն է, չի կարող այն մի ամբողջ երկրի վերաբերել, մի առանձին կուսակցության՝ ոչ: Այսպիսով՝ ձեզ համար ավելի շահեկան կլինի, որ էթիկայի բուտաֆորիկ հանձնաժողովը հանգիստ թողնեք: Իբր ի՞նչ հարց է լուծում ընդդիմությունն այնտեղ: Ի՞նչ կորցրեց Սամվել Ալեքսանյանը այդ հանձնաժողովի «մեղադրական դատավճռին» արժանանալով: Ի՞նչն է խանգարելու մյուս հանրապետական պատգամավորներին չանել ավելի հրեշավոր բաներ, քան արել էր Սամվել Ալեքսանյանը: Պարզ է, որ խանգարող հանգամանքներ չկան: Փոխարենն ուզում եք ցույց տալ, որ իշխանությունն ամբողջությամբ չեք կենտրոնացրել ձեր ձեռքում, դրա համար ձեզ պակասում է էթիկայի հանձնաժողովը:

Ըստ էության, հասկանալի է, թե ինչու եք ուզում այդտեղ էլ իշխանություն ունենալ: Որովհետև գիտեք, որ ձեր ոչ մի քայլը էթիկայի շրջանակներում չէ: Ձեր փոխարեն, սակայն, հանգիստ կթողնեի այդ հանձնաժողովը: Նախ այն ցանկացած դեպքում ձեզ ոչնչով չի սպառնում, երկրորդ՝ հարցի քննարկման դնելու գործընթացը և հարցի բուն քննարկումն արդեն ծիծաղելի են դարձնում հարցը, քանի որ այն ամբողջությամբ գաղտնի է, երրորդ՝ ընդդիմության ցանկացած հաղթանակ որևէ դիվիդենտի չի ենթարկվում: Ավելին՝ ես կարծում եմ, որ դուք կարող եք մի քանի հանրապետական պատգամավորի հանձնաժողովի «փուռը տալ» և բարոյական մղումներից ելնելով՝ զրկել պատգամավորությունից, քանի դեռ նա ավելի խոշոր հանցագործություններով չի ստվերել ՀՀԿ խմբակցությունը: Դրանով դուք, ճիշտ է, կրկին բուտաֆորիայի շրջանակներում, բայց ցույց կտաք, որ սկսել եք աննախադեպ ինքնամաքրման գործընթաց, երկրորդ՝ կարևորում եք հանձնաժողովի գործունեությունը, որտեղ առայժմ գոնե դրության տեր է ընդդիմությունը:

Ես համոզված եմ, որ առաջիկայում մեկնարկում է Հանրապետականի ազատ, անկաշկանդ և անպատիժ գործելու աստեղային հինգ տարին, շատ ավելի աստեղային, քան նախորդ հինգ կամ նույնիսկ 15 տարիներն էին: Երկրում գրեթե չի գտնվելու մեկը, որ ձեր էշին չոշ ասի: Բայց, անկեղծ լինենք, չկա մի հանրապետական, որ միջազգային ոչ բարենպաստ զեկույցների, կրկին՝ բուտաֆորիկ, զահլեն ունի:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում