Կենտրոնական բանկը 2012թ. երկրորդ եռամսյակից ընդլայնել է գնաճի կանխատեսումների հրապարակման հորիզոնը՝ 1 տարուց դարձնելով 3 տարի, և հրապարակում է ոչ պայմանական գնաճը՝ նախկին պայմանականի փոխարեն։ Արդյունքում գալիք տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հարցը կքննարկվի 8 անգամ՝ ներկայիս 12-ի փոխարեն։
Կենտրոնական բանկը 2006թ. անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, որի ամբողջ տրամաբանությունն այն է, որ 12-ամսյա հորիզոնում նպատակադրված գնաճի (4±1,5%) ցուցանիշն ապահովվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ինչպես նաև փողի ագրեգատներով։ ԿԲ-ն դեռևս 5 տարի առաջ արձանագրել էր, որ Հայաստանում բավական թույլ է վերաֆինանսավորման տոկոսադրույքների փոխանցումը այլ տոկոսադրույքների վարքագծի վրա։ Մյուս կողմից՝ նշել էր, որ ջանքեր է գործադրելու կարճաժամկետ տոկոսադրույքների կառավարման միջոցով ազդելու համախառն պահանջարկի որոշակի մակարդակի ձևավորման վրա։
Թեև Սահմանադրությունում ամրագրված է, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, 2009թ. գնաճը թիրախային ցուցանիշից շեղվել է 1-տոկոսային կետով՝ կազմելով 6,5%, 2010թ.՝ 3,9-տոկոսային կետով՝ մինչև 9,4%։ Իհարկե, ԿԲ-ն միայնակ չի կարող ապահովել ցածր գնաճ, և անհրաժեշտ է պետական այլ գերատեսչությունների արդյունավետ աշխատանք ևս, սակայն գնաճի շեղումը պայմանավորված է նաև դրամավարկային քաղաքականության գործիքների ցածր արդյունավետությամբ։
Անցած տարիները ցույց են տվել, որ ԿԲ-ին այդպես էլ չի հաջողվում ապահովել վերաֆինանսավորման և բանկային համակարգի տոկոսադրույքների միջև կապի ամրապնդումը, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Վերջինս իրականում պետք է ազդի ձեռնարկությունների, սպառողների և ֆինանսական միջնորդների տնտեսական գործունեություն իրականացնելու որոշումների, հետևաբար՝ տնտեսական ակտիվության և գների վրա։ Բանկային համակարգում արտարժութային են ավանդների մոտ 70% և վարկերի մոտ 65%-ը։ Նման պայմաններում դրամային (ազգային արժույթի) գործիքներով բավական դժվար է ազդել շուկայի վարքագծի վրա։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքի անարդյունավետությունը ԿԲ-ին կարծես ստիպել է դիմել դրա վերանայման պարբերականության մեծացմանը։ Եթե նախորդ տարիներին ԿԲ խորհուրդն ամսական կտրվածքով էր նիստ հրավիրում և քննարկում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը, ապա գալիք տարի նման նիստերի քանակը կկրճատվի 4-ով և կլինի 8։
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքների քննարկման նիստերի թվի կրճատմանը, իհարկե, այլ հիմնավորում է ներկայացնում։ 2013թ. «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման և պարտադիր պահուստավորման ժամանակացույցների վերաբերյալ» հրապարակման մեջ նշվում է, որ 2011-2012 թթ. իրականացվել է կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգի էական բարելավում, որի պայմաններում մակրոցուցանիշների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվության ստացման և մշակման արդյունավետ համակարգումը պահանջում է փուլերի միջև ընկած ժամանակահատվածի ընդլայնում։ «Ելնելով վերոնշյալից՝ 2013-ից սկսած՝ կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգի ներքո նախատեսվում է իրականացնել տարեկան 8 կանխատեսման փուլ: Նախատեսվում են տարվա ընթացքում 2 հիմնական կանխատեսման, 2 էական թարմացումների և 4 միջանկյալ թարմացումների փուլեր: 8 փուլերից յուրաքանչյուրը կավարտվի ԿԲ խորհրդի կողմից քաղաքականության տոկոսադրույքի վերաբերյալ որոշման կայացմամբ»,– նշված է փաստաթղթում։
ԿԲ-ում գտնում են, որ վերջին տարիներին էապես կատարելագործվել է կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը. ընդլայնվել և բարելավվել է հիմնական՝ եռամսյակային կանխատեսումների մոդելը, ընդլայնվել է մակրոտնտեսական տարբեր ցուցանիշների միտումները կանխատեսող կարճաժամկետ մոդելների ցանկը։ Ներկայում ԿԲ-ն հնարավորություն ունի հասարակությանը ներկայացնելու ոչ միայն առաջիկա 12 ամիսների գնաճի կանխատեսումները, այլև պայմանական գնաճի միջնաժամկետ կանխատեսումները։
Թե որքանով այս նորամուծությունը կբարձրացնի դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, ներկայում վերաֆինանսավորման և բանկային համակարգի տոկոսադրույքների միջև կապը գրեթե չի գործում, ինչի մասին վկայում է թերևս այն, որ անցած տարվա սեպտեմբերից ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8%-ի մակարդակում՝ բազմիցս հայտարարելով, թե տոկոսադրույքի ներկայիս մակարդակը չեզոք ազդեցություն ունի, և բանկերի տոկոսադրույքները զսպող են եղել։ Սակայն մեկ տարուց ավելի անփոփոխ վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում մեկ տարուց ավելի ժամկետով դրամային վարկերի միջին տոկոսադրույքը բարձրացել է 0,17-տոկոսային կետով, ավանդներինը՝ 1,4-տոկոսային կետով։
Վերաֆինանսավորման և բանկերի տոկոսադրույքների միջև թույլ կապի պայմաններում բանկերի վարքագծի վրա ազդելու նպատակով այս տարվա երկրորդ կեսին ԿԲ-ն որոշեց գնալ ավանդի և լոմբարդային վարկերի տոկոսադրույքների միջև եղած տարբերության կրճատման։ Ըստ ԿԲ-ի՝ այս քայլն ուղղված էր միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցմանը։ Սակայն տոկոսադրույքների միջև տարբերության կրճատման հետ մեկտեղ փոխվեցին թե՛ լոմբարդային վարկերի, թե՛ ներգրավվող միջոցների տոկոսադրույքները։ Այսպես, եթե հունվարին լոմբարդային ռեպոյի և ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար 11% և 5% էին, ապա նոյեմբերին լոմբարդային վարկերի տոկոսադրույքն արդեն 9,5% էր, իսկ ներգրավվող միջոցներինը՝ 6,5%։
Civilnet











