Գլխավոր Լրահոս

Հակագիտական, հակաակադեմիական հայտարարություն

Հակագիտական, հակաակադեմիական հայտարարություն

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե բարձրագույն ուսումնական հաստատությունների համար վերջերս հրատարակված «Հայոց պատմություն» բուհական դասագրքում (խմբագիր՝ Հր. Սիմոնյան) որևէ բառ չի փոխվելու, հակագիտական է, հակաակադեմիական, հակահայկական և անխիղճ:

Ակադեմիական յուրաքանչյուր աշխատություն, հատկապես, երբ այն վերաբերում է պատմությանը, հատկապես՝ Հայոց պատմությանը և առավել ևս՝ ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև Մարտի 1-ի արյունալի ողբերգություն ու հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտություն» ընկած շուրջ 3-4  հազարամյա ժամանակաշրջանը, պարտավոր է յուրաքանչյուր նոր հրատարակության հետ ենթարկվել փոփոխությունների, լրամշակման: Հատկապես, երբ փաստերն են կեղծվում՝ միտումնավոր կամ թյուրիմացաբար:

Անհնար է շարադրել չորս հազար տարվա պատմություն և չսխալվել: Ձեռնարկի վերջին հատվածները, որոնք վերաբերում են 1985-2012-ին՝ մեր ապրած ու տեսած օրերին, կարելի է հեշտությամբ գտնել մի շարք փաստական (միտումնավոր կամ ոչ) և մեթոդաբանական սխալներ, որոնք անպայման կարիք ունեն փոփոխության, եթե նպատակը հայոց նորօրյա պատմությունը կեղծելը չէ:

Դասագրքում, չգիտես ինչու այդքան երկար է անդրադարձ կատարվել (էջ 834-838) Մարտի 1-ին՝ գրեթե  տասն անգամ ավելի երկար, քան Հոկտեմբերի 27-ին: Բայց այդ երկար շարադրանքի մեջ փորձ է արվել ոչ թե իրադարձությունները ներկայացնել նոր լույսի ներքո, պատմաբանի հայացքով ու խղճով, այլ պարզապես կրկնվել է այդ դեպքերի պաշտոնական տեսակետը: Մարտի 1-ը այնքան մոտ, ցավալի, հակասական, դեռևս ամբողջովին չպարզված պատմություն է, որ կարելի էր դրան անդրադառնալ ավելի սեղմ և ամենակարևորը՝ աղ չցանել զոհվածների մայրերի վիրավոր սրտերին:

Հոկտեմբերի 27-ը (էջ 796) չափազանց միակողմանի է ներկայացված: Նախ շարադրանքից անհնար է հասկանալ, թե ովքեր էին ահաբեկիչները: Երկրորդ, կրկին մեջտեղ են բերվել «ՀՀՇ-ական և նրան հարող ընդդիմադիր ուժերը», որոնք «իրենց առջև խնդիր էին դրել՝ օգտագործելով խառը կացությունը՝ հետ բերել իշխանությունը»: Հակառակը, հատուկ չի հիշատակվել այն փաստը, որ այդ ծանրագույն օրերին Տեր-Պետրոսյանը իր հրապարակային հայտարարությամբ աջակցություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանին:

Խոսելով 1988-ին Ստեփանակերտում ձևավորված «Կռունկ» կոմիտեի մասին (էջ 712), դասագրքում ասվում է, որ նրա «խորհրդի նախագահ ընտրվեց Արկադի Մանուչարյանը, տեղակալ՝ Վարդան Հակոբյանը»: Ապա ասվում է. «Հենց առաջին նիստում ստեղծվեց 10 հանձնաժողով, որում ընդգրկվեցին մոտ 50 հոգի: Կոմիտեի քաղաքական գծով հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին Ռոբերտ Քոչարյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը և ուրիշներ»:

Պարոն Աշոտյանն ասում է, որ դասագրքում ոչ մի բառ չի փոխվելու: Թո՛ղ ասի: Թո՛ղ չփոխեն: Ներկայացնեմ վերևում մեջբերված մեկ նախադասության մեջ տեղ գտած սխալները: Այո ճիշտ է, որ «Կռունկի» նախագահ է եղել Արկադի Մանուչարովը (ոչ թե՝ Մանուչարյանը), բայց ճիշտ չէ, որ նրա տեղեկալը Վարդան Հակոբյանն էր: Նրա տեղակալը Ռոբերտ Բաղդասարյանն էր: «Կռունկն» ուներ նախագահության 9 անդամներ՝ Արկադի Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Հակոբյան, Ժաննա Գալստյան, Համլետ Գրիգորյան, Ռազմիկ Պետրոսյան, Ռոլես Աղաջանյան, Մաքսիմ Միրզոյան, Բորիս Առուշանյան: Ինչպես տեսնում եք, այս ցանկում չկա Սերժ Սարգսյանի անունը: Եթե խոսքը մեր իմացած Սերժ Սարգսյանի մասին է, ապա նա այդ ժամանակ դեռևս ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մոտ էր աշխատում: Հետևաբար, եթե այս դասագիրքը ունենա նոր հրատարակություն, ապա պիտի կատարել սխալների ուղղում, այն է՝ Վարդան Հակոբյանին չհամարել «Կռունկի» փոխնախագահ, իսկ Սերժ Սարգսյանին ընդհանրապես չհիշատակել այս հատվածում:

Դասագրքում (էջ 711) սխալ է գրվել խորհրդային միջին օղակի մի պաշտոնյայի՝ Միխայլովի անունը: Գրված է Միխալկով: Ի՞նչ կասեք, պարոն Աշոտյան, գոնե այս ազգանունը չարժե՞ ճշտել, թե՞ եթե Մանուչարովին դարձնում ենք Մանուչարյան, ապա Միխայլովին էլ կարելի է Միխալկով դարձնել:

Դասագրքում ասվում է (էջ 729), որ 1989-ի դեկտեմբերին «թուրքերն ավերեցին Իրանի և Թուրքիայի հետ ունեցած պետական սահմանային կառույցները՝ դրսից Նախիջևան առատորեն զենք և զինամթերք ներկրելու համար»: Այո, ճիշտ է, որ 1989-ի դեկտեմբերին մասամբ ավերվել է ԽՍՀՄ պետական սահմանի Նախիջևան-Իրան հատվածը, բայց դա ավերել են ոչ թե թուրքերը, այլ ադրբեջանցիները, ավելի ճիշտ՝ Ժողճակատի անդամները: Հեղինակները ՀԱԷԿ-ի փակումը կապում են «Ղարաբաղ» կոմիտեի հետ, ինչը կեղծիք է: Ատոմակայանը փակվեց երկրաշարժից մոտ մեկ ամիս անց՝ 1989-ի հունվարին, Խորհրդային Հայաստանի ղեկավարության առաջարկով, քանի որ մտավախություն կար, որ նոր երկրաշարժի դեպքում կարող է վնասվել նաև ՀԱԷԿ-ը՝ աղետալի հետևանքներ թողնելով Արարատյան դաշտավայրի ու ողջ տարածաշրջանի վրա:  

Դասագրքում (էջ 734) ասվում, որ «երկար վիճաբանությունների, պատգամավորների զգալի մասի անհամաձայնության և հոգեբանական ճնշումների պայմաններում Գերագույն խորհրդի նոր նախագահ ընտրվեց ՀՀՇ վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»: Դասագրքում ՀՀՇ-ն և «Ղարաբաղ» կոմիտեն ներկայացվում են բացառապես բացասական լույսի ներքո: Նրանց դերը Արցախյան շարժման, պատերազմի մեջ զրոյացվել է, փոխարենը՝ Հայաստանի գրեթե բոլոր անհաջողությունների մեջ գրեթե բացառապես մեղավոր է հռչակվել ՀՀՇ-ն: Այսպիսով, 1988-1998 թթ. գրանցված բոլոր անհաջողությունները վերագրվել են ՀՀՇ-ին ու Տեր-Պետրոսյանին, իսկ հերոսական էջերը՝ անհատների: Հատուկ կերպով չի նշվել, որ ՀՀՇ-ի կամ այդ օրվա իշխանության մաս են եղել նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Սա արդեն մեթոդաբանական ու հակագիտական մոտեցում է: Գրքի հեղինակների ատելությունը ՀՀՇ-ի ու Տեր-Պետրոսյանի հանդեպ այնքան ակնհայտ է, որ 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հատվածում անգամ չի նշվել, թե ում ստորագրությունն է դրված պատմական կարևորագույն այդ փաստաթղթի տակ:

Կամ, դասագրքում միայն 1996-ի նախագահական ընտրություններին է տրվել կոշտ գնահատական. «Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծումից՝ ժողովուրդը դուրս եկավ հանրահավաքների ու ցույցերի»: Ըստ այս դասագրքի՝ միայն Տեր-Պետրոսյանն է համարվում ընտրակեղծիքներով ընտրված նախագահ: Անշուշտ, իրականությանը մոտ գնահատական է, երբ ասվում է, որ 96-ին Տեր-Պետրոսյանը կեղծիքներով է ընտրվել, սակայն նման գնահատական չկա ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու վերաբերյալ: Ոչ մի տող չկա 2003-ի ընտրություններին հաջորդած զանգվածային ցույցերի, 2004-ի ապրիլյան բռնարարքների մասին այն դեպքում, երբ դասագրքում մի շարք տասներորդական դեպքեր և դեմքեր են կարևորվել:

Շատ հակիրճ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությանը»: Ոչ մի խոսք չկա Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված բողոքի ցույցերի մասին Հայաստանում և Սփյուռքում:

Կան նաև բազմաթիվ վիճելի, խիստ կասկածելի պնդումներ, մեթոդաբանական սխալներ, որոնց սակայն անկարելի է անդրադառնալ լրագրային կարճ հոդվածում: Սխալներն ընդունելը ամոթ բան չէ: Ամոթալին հրապարակավ հայտարարելն է, թե ոչ մի բառ չի փոխվի:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում