Հայաստանի տնային տնտեսությունների 12%-ը պատրաստ է առաջիկա երեք տարվա ընթացքում հիփոթեքային վարկ վերցնել: Երեկ հրավիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ իրականացված «Բնակարանային ֆինանսավորման, էներգաարդյունավետության և միկրոֆինանսավորման ոլորտի» հետազոտությունների արդյունքները:
Ըստ հետազոտության՝ Հայաստաում հիփոթեքային վարկերի նկատմամբ ընդհանուր պահանջարկը $350 մլն է՝ հատկապես Դ100-200 հազ. եկամուտ ունեցող տնային տնտեսություններում: Առաջիկա երեք տարվա ընթացքում վերակառուցման համար տրվող հիփոթեքային վարկերի պահանջը կազմում է $380 մլն:
«Տնային տնտեսությունների մեծ մասը հետաքրքված չեն այն վարկերով, որոնք ուղղված են էներգաարդյունավետության բարելավմանը»,- ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ այս ոլորտում անհրաժեշտ է իրազեության բարձրացում:
Ջրբաշյանի խոսքով՝ Երևանը և մայրաքաղաքի հարակից տարածքն ամենամեծ պոտենցիալն ունեն վերանորոգման և էֆեկտիվության վարկերի նկատմամբ: Վարկային նախընտրելի պայմանները, ըստ նրա, 5-12 տարի մարման ժամկետով և 6-14% տարեկան տոկոսադրույքով վարկերն են:
«Երկրաշարժի գոտում պահանջարկն ավելի լավ պայմաններ է ենթադրում՝ մոտ 20 տարի մարման ժամկետ և 7% տոկոսադրույք: Վերանորոգման վարկավորման պահանջարկը տարբեր շրջաններում տարբեր է, հիմնականում՝ 4-25 տարի մարման ժամկետով 15% տոկոս տոկոսադրույքով,- ասաց նա՝ հավելելով,- Մենք հասկանում ենք, որ այս թվերն այսօրվա շուկայից շատ լուրջ տարբերվում են, սակայն սա այն է, ինչ մոդելն է ասում, և իհարկե պահնաջակն ավելի ցածր կլինի»:
«Արդշինինվեստբանկի» նախագահի տեղակալ Կարապետ Գևորգյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի առևտրային բանկերը Դ700 մլն-ից ավելի վարկային պորտֆելի աճի հնարավորություն ունեն առաջիկա երեք տարիների ընթացքում:
Նրա կարծիքով՝ մի քանի նախապայման կա, որոնք իրագործելու դեպքում բանկերի միջև մրցակցությունը կխթանվի ավելի երկար և ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար: Ըստ նրա՝ այդ նախապայմաններից են շինոլորտում ավելի արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, որը կբերի բնակարանների ինքնարժեքի էական նվազման, և կառավարության ու Կենտրոնական բանկի օգնությամբ երկարատև և համեմատաբար էժան ռեսուրսների ներհոսքը կենսաթոշակային վարկավորումների ոլորտ, ինչի շնորհիվ բանկերը կկարողանան իրենց պասիվային բազան ավելի բարելավել ու ավելի երկարաժամկետ վարկեր տրամադրել:
Հետազոտությունն անցկացվել է Հայաստանի տասը ամենաբնակեցված քաղաքներում՝ «Ազային հիփոթեքային ընկերության» կողմից Հայաստանում միջին և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների բնակարանային բարելավման և էներգաարդյունավետության բարձրացման վարկերի մատչելիության ծրագրի շրջանակում:
Նվարդ Հովհաննիսյան
Civilnet











