Գլխավոր Լրահոս

Օրիորդը, Հովիկը և տղամարդիկ

Հետաքրքիր իրավիճակ է՝ մարդ չի կարողանում քնքշանքով խոսել նույնիսկ ՀՀԿ-ի օրիորդների մասին։ Ես հասկանում եմ, որ քնքշանքը ճոխություն է Հրանուշ Հակոբյանի, Հերմինե Նաղդալյանի կամ Շուշան Պետրոսյանի մասին ցանկացած ասելիքի մեջ։ Բայց, այ, ավելի երիտասարդների դեպքում hայոց լեզուն ինքն է «դիսկոմֆորտի» մեջ հայտնվում էթիկայի առջև։

Ի դեպ, խոսելու ենք ԱԺ էթիկայի հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քննարկումների մասին։ ՀՀԿ-ն ուզում է այնտեղ էլ մեծամասնություն ունենալ։ ՀՀԿ-ական պատգամավոր-օրիորդ (ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ է փաստել) Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իշխանությունն ավելացնի իր տեղերը ԱԺ էթիկայի հանձնաժողովում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի մտքով չանցնի ձայնազրկել Դավիթ Հարությունյանին։ Արփինեն հետաքրքիր է հակադարձել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքին, թե «գոնե այս մեկում էլ փոքրամասնություն եղեք, որ զգաք այն տառապանքները, որոնց մենք դիմանում ենք մյուս հանձնաժողովներում»։ Արփինեն ասել է. «Մեր նպատակը ոչ թե հանձնաժողովում մեծամասնություն լինելն է, այլ փոքրամասնություն չլինելը»։ Ըհը։ Այս աղջկան հակադարձողներին օրիորդության բարոմետր Հովիկ Աբրահամյանն անձամբ է հակադարձել. «Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում»։ Հիմա հասկացանք։ Եթե օրիորդի հետ ենք խոսում, ՀՀԿ-ին կարելի է ամեն ինչ։ Եթե օրիորդի հետ ենք խոսում, փոքրամասնություն լինելը «զապադլո» է։ Եվ որպեսզի մեր խոսքուզրույցը օրիորդից հեռու չգնա, ՀՀԿ-ն առաջ է քաշում իր «բետեէռին»՝ Արփինե Հովհաննիսյանին։

Նախ էթիկան պահանջում էր այդ մանկամարդ աղջկան հեռու պահել մի քննարկումից, որտեղ պայքարը խաղի կանոններ չունի։ Երկրորդ, այդ մանկամարդ աղջիկը սիրած տղա կունենա, մտեք այդ տղայի դրության մեջ, ՀՀԿ-ականներ, և թույլ մի՛ տվեք, որ նա տեսնի, թե ինչպես է իր նժդեհական ինտելեկտով մի պարզ խնդրի մեջ խայտառակվում իր մանկամարդ սերը։ Երրորդ, էդ ի՞նչ մի մեծ բան եք գտել էթիկայի հանձնաժողովում, որ ուզում եք մեծամասնություն լինել։ Չորրորդ, կա՞ ՀՀԿ-ում գոնե կես օրիորդ, որ գիտի, թե ինչ է էթիկան, որովհետև եթե լիներ, առաջինը Հովիկ Աբրահամյանի բերանը կփակեր, որն առանց ապացույցի կուսակցություններից մեկին ներկայացրեց որպես ահաբեկիչ։ Տեղում պետք է այդ հարցը դառնար էթիկայի հանձնաժողովի քննարկման թեմա։ Որովհետև, եթե նույնիսկ, կուսակցությունը մի ժամանակ զբաղվել է ահաբեկչությամբ, հիշեք, որ նրանց թույլ եք տվել մասնակցել ԱԺ ընտրություններին, նրանց հետ կոալիցիա եք կազմել ժամանակին, նշանակում է, նրա ահաբեկչական կառույց լինելը մի անցյալ է, որն էթիկապես ճիշտ չէ հիշելը գոնե էթիկայի հանձնաժողովում։ Հինգերորդ, տեսնում եք, որ ընդդիմությունը իր անզորությանը համապատասխան լծակ է ուզում՝ էթիկայի հանձնաժողովը։ Տվեք նրան այդ հանձնաժողովը։ Եթե դուք Հայաստանի կեսին էլ սրի քաշեք, էթիկայի հանձնաժողովը ձեզ ոչնչով չի սպառնա, դուք հանգիստ կարող եք շարունակել ձեր քաղաքացիներին սրի քաշելու «բարի» ավանդույթը, որովհետև դուք արդեն մարտի 1 եք մարսել։ Դուք միայն մարսողության օրգանիզմ ունեք և որևէ մեկի օրիորդ կամ մարմնավաճառ լինելը ոչնչով չի արգելակի նրա աշխատանքը։ Հայաստանի բյուջեն վկա։ Վեցերորդ,  ի՞նչ կապ ունի, օրիորդի հետ են խոսում, թե՞ վաստակաշատ տատիկի։ Եվ յոթերորդ, Հովիկ Աբրահմյանն ասում է, որ հանձնաժողովում իշխանության տեղերն ավելացնելով իրենք քաղաքական խնդիր չեն լուծում; Տեսեք, կարևորում են ինչ-որ մեկի օրիորդ լինելը, բայց պարզ էթիկան մոռանում են ստախոսությամբ`բա ի՞նչ հարց եք լուծում, եթե ոչ քաղաքական։

Ոչ ոք չի կասկածում, որ ՀՀԿ-ն կհասնի իր ուզածին։ ԱԺ նախագահն ազնիվ էր նիստերի դահլիճում, երբ հարձակվում էր ընդդիմադիրների վրա. «Երկու հոգով փորձում եք 70 հոգու բերանը փակե՞լ»։ Տղա ջան, բա էդ մասի՞ն է խոսքը։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում