ՀՀ տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է օրենքի շրջանակում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր: Այս մասին ասված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տարածած հաղորդագրությունում:
Ըստ Բյուրոյի` Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, որը կդիմի իրեն: Ընդ որում` ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս և առավելագույնը` 1 տարի ժամկետով:
Ուստի, ապահովագրական ընկերությունները որևէ հիմք չունեն ինչպես մերժելու իրենց դիմած անձանց` կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ որևէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձևակերպել գրավոր:
Նշենք, որ տաքսի ծառայություններ մատուցող ավտոմեքենաների ռիսկայնությունը բավական բարձր է, որի պատճառով ապահովագրակաան ընկերություններն այդքան էլ շահագրգռված չեն նրանց հետ ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու հարցում: Հաշվի առնելով օրենքի պահանջը` ապահովագրական ընկերությունները գտել են սողանցքը և տաքսիների հետ կնքում են կարճաժամկետ ԱՊՊԱ պայմանագրեր` 3 ամսով, ինչը ավելի թանկ է, քան 1 տարվա պայմանագիրը:
Civilnet











