2006թ. իրենց ծառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը, այսպես կոչված «Մատաղիսի գործով» ցմահ դատապարտվածները, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անմեղ ճանաչվեցին: «Մատաղիսի գործը» կարելի է փակված համարել և գրանցել պատմության դասագրքերում որպես մինչև 2012թ. անկախ Հայաստանի պատմության մեջ գրանցված արդարադատության եզակի դրսևորումներից մեկը:
Երբ դատավորը հնչեցրեց արդարացնող դատավճիռը, դահլիճից զարմացական բացականչություն հնչեց, որ «Հայաստանում արդարադատություն հնարավոր է»: Հանրային ընկալմամբ՝ Հայաստանում արդարադատությունն այնքան եզակի և բացառիկ երևույթ է, որ դատարաններում նման անակնկալի հանդիպելիս քաղաքացիները ապշում են:
Իհարկե, ուրախալի է, որ անմեղ երիտասարդները արդարացվեցին: Սակայն անարդարությունների և ապօրինությունների օրինաչափության համատեքստում այս բացառությունը պարզապես ընդգծում է օրինաչափությունը: Ավելին՝ կասկածելի զուգադիպությամբ արդարադատության, կոռուպցիայի և արատավոր երևույթների մասին հիշում են նախընտրական շրջանում, երբ իշխանությունների համար քաղաքական տեսակետից նպատակահարմար է, որ նման ճչացող և հանրային մեծ արձագանք ստացող արդարադատության դեպք գրանցվի: Բացի այդ՝ կարելի է ասել, որ «Մատաղիսի» գործում այժմ ընդդիմադիր, իսկ 2006թ. զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ներգրավվածությունը քիչ դեր չի խաղացել: Նույնիսկ արդարադատություն իրականացնելու միջոցով իշխանությունը այս կամ այն կերպ քաղաքական հաշվեհարդար է տեսնում իր մրցակիցների նկատմամբ:
Անկախ իշխանամետ կամ ընդդիմադիր լինելու հանգամանքից՝ հանցագործները պետք է պատժվեն, սակայն արատավոր է այն պրակտիկան, երբ օրենքը ամբողջ խստությամբ գործում է ոչ իշխանամետ հանցագործների նկատմամբ: Ներկայում Հայաստանում արդարադատություն ունենալ-չունենալու խնդիրը դիտարկվում է բացառապես քաղաքական նպատակահարմարության տեսակետից: Իսկ այդպիսի նպատակահարմարություն առաջանում է հինգ կամ չորս տարին մեկ:
Ցավոք, «Մատաղիսի» գործով նման դատավճռի հրապարակումը ամենևին էլ երաշխիք չէ, որ իրավապահ մարմիններն ու դատարանները կդադարեն իշխանության խամաճիկները լինելուց և կհրաժարվեն իշխանության շահերը սպասարկել: Մյուս կողմից՝ այս դատավճռի հետ կապված քաղաքացիների ոգևորությունն ու զարմանքը հստակ ցույց է տալիս, թե Հայաստանում արդարադատության ինչ սով է տիրում:
Արդարադատության սով
Թեմա











