«Օրակարգը» հրապարակել էր Թաթուլ Հակոբյանի գրախոսականը «Հայոց պատմություն» բուհական դասագրքի վերաբերյալ: Ընթերցողի դատին ենք ներկայացնում Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի այն հատվածը, որը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Գրքի այդ հատվածը գրվել է ողբերգական դեպքերից մի քանի օր անց: Հեղինակը պատրաստ է լսել քննադատական խոսքեր:
2008թ. փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրություններում նախկին նախագահ և նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը ոչ միայն չէր ընդունում պարտությունը, այլև ընտրությունների հաջորդ իսկ օրվանից՝ փետրվարի 20-ից, տասնյակ հազարավոր կողմնակիցների հետ սկսել էր չարտոնված և անժամկետ հանրահավաքների շարք: Ազատության հրապարակը վերածվել էր վրանային ավանի: Տեր-Պետրոսյանը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթել էր քվեների շուրջ 53 տոկոսով:
Տեր-Պետրոսյանը երկրորդն էր՝ քվեների 21,5 տոկոսով: Նախկին նախագահին մինչև վերջ գնալու վճռականությունից հետ չէր պահում նաև ԵԱՀԿ նախնական զեկույցի գնահատականը, համաձայն որի՝ ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին:
Փետրվարի 25-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցներին քաջալերում էր՝ ասելով, որ պետական համակարգը՝ ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը, գալու և կանգնելու է ժողովրդի կողքին: Իսկ լուրերը, թե իշխանությունները պատրաստվում են ուժ գործադրել, ընդամենը հոգեբանական ճնշման նպատակ են հետապնդում: «Մինչև չտեղափոխվեմ նախագահի նստավայր, ես այստեղից չեմ գնա»,– ասում էր նա:
Ամենատպավորիչ հանրահավաքը կայացավ փետրվարի 26-ին: Երևանը երբեք այդքան մարդաշատ չէի տեսել: Փողոցները լեփ-լեցուն էին ժողովրդով: Տեր-Պետրոսյանը նախագահ Քոչարյանին և վարչապետ Սերժ Սարգսյանին հորդորեց ժամանել Ազատության հրապարակ և հենց հարթակից հրաժարական տալ: «Այստեղ առնվազն կանգնած է կես միլիոն մարդ: Ես ընկերական ձեզ եմ դիմում. Ռոբե՛րտ, Սե՛րժ, խելքի՛ եկեք, հասկացե՛ք, թե ինչ է կատարվում այս երկրում: Քաջությո՛ւն ունեցեք: Կարող եք ժողովրդի միջով չգալ: Օպերան ունի հետնամուտք. այնտեղից դուք կարող եք գալ: Մենք մի կարմիր գորգ էլ կփռենք ձեր առաջ՝ մինչև այս խոսափողը, և այստեղից տվե՛ք ձեր հրաժարականը, թողե՛ք-հեռացե՛ք այս երկրից»:
Նույն օրը Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի: «Դիմում եմ նախկին թեկնածուներին. եկե՛ք համագործակցենք: Ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում: Նպատակներիցս մեկն է՝ օգտագործել բոլոր կառուցողական ուժերին՝ ի նպաստ Հայաստանի զարգացման»,– առաջարկում էր Սարգսյանը:
Տեր-Պետրոսյանը, սակայն, չէր լսում: Նրան հավանաբար թվում էր, թե Քոչարյանն ու Սարգսյանը չեն համարձակվի ուժ գործադրել:
Մարտի 1-ի լույս գիշերը ոստիկանության ստորաբաժանումները՝ մահակներով, վահաններով և էլեկտրաշոկերով զինված, ծեծուջարդի, էլեկտրաշոկի միջոցով մի քանի հազար մարդկանց դուրս քշեցին Ազատության հրապարակից և ավերեցին վրանային ավանը:
Ողբերգությունը, սակայն, առջևում էր: Մարտի 1-ի առավոտյան Տեր-Պետրոսյանի հազարավոր կողմնակիցներ հավաքվեցին Մյասնիկյան հրապարակում՝ Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատներին ու Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում: Կեսօրից հետո տարածքից հեռացան ներքին զորքերի ստորաբաժանումները: Իրադրությունը դառնում էր անկառավարելի: Երեկոյան դեմ լսվեցին կրակոցներ: Նախագահ Քոչարյանը Երևանում 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր ստորագրեց, որով արգելվեց ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և զանգվածային այլ միջոցառումների անցկացումը:
Մարտի 2-ի առավոտյան հաղորդվեց ութ սպանվածի և հարյուրից ավելի վիրավորների մասին: Ապրիլի 11-ին, հրազենի վնասվածքից գիտակցության չգալով, մահացավ իններորդ հայորդին՝ 19-ամյա մի զինվոր: Ապրիլի 14-ին հիվանդանոցում մահացավ վիրավորված ցուցարարներից 29-ամյա մի քաղաքացի: Փետրվարի 19-ի ընտրություններին հաջորդած ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները նոր թափով շարունակվեցին մարտ ամսվա ընթացքում:
Երկրում ստեղծված վիճակի մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը արժանացավ նախագահ Քոչարյանի խիստ քննադատությանը: Արմեն Հարությունյանի գրավոր հայտարարությունում ասվում էր, որ ողբերգական իրադարձությունները սկսվեցին «խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց» հետո: Մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում էր իշխանություններից ստանալ որոշ հարցերի պատասխան, մասնավորապես. «Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ, արդյոք նստացույցի մասնակիցներին ներկայացվե՞լ է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ, և արդյոք քաղաքացիները հրաժարվե՞լ կամ դիմադրությո՞ւն են ցուցաբերել, արդյոք ուժի կիրառումը համարժե՞ք է եղել ստեղծված իրավիճակին: Ի՞նչն էր պատճառը, որ ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք և անաչառ տեղեկատվություն»:
2008թ. գարունը այլ գարուն էր:
Իմ բանաստեղծ ընկերներից մեկը գրեց. «Գարնանային քաղաքի հորիզոնները բացվում են որպես վերքի վրա ծավալվող արյուն: Եվ այդ քաղաքում ամեն բան առաջին անգամ ճաղատ է, ինչպես վերքը խնամելու համար սափրվող գլուխը: Այս գարունը մարդկանց գարուն չէ: Եվ փողոցները մարդկանց փողոցները չեն: Սա գարուն է, որը պատուհանների ոչ մի կողմում չէ: Սա քաղաք է, որտեղ ամենքը պանդուխտ են իրենց անցյալի մեջ»:
Բայց սա դեռ վերջը չէ:
2008թ. ապրիլի 8-ին հայկական հեռուստաընկերությունների եթերից Քոչարյանը նախագահի պաշտոնում վերջին անգամ դիմում էր Հայաստանի քաղաքացիներին: Ուղերձը հակիրճ էր. նախագահը չթվարկեց «վերջին տասը տարիների ձեռքբերումները», սակայն շեշտեց, որ «քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է»: «Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել և միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացու, ով երկրի զարգացման գործին բերել է իր՝ թող և ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ սփյուռքին իմ նախաձեռնություններին սատարելու համար: Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել: Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյոք հնարավոր չէ՞ր անել ավելին: Գուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը»,– ասաց երկրորդ նախագահը:
Հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, Օպերայի թատրոնում օտարերկրյա պատվիրակությունների և այլ հրավիրյալների ներկայությամբ տեղի էր ունենում Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնամուտի արարողությունը: Սերժ Սարգսյանը, չնայած ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, ստացել էր քվեների շուրջ 53 տոկոսը, պաշտոնը ստանձնում էր չափազանց բարդ պայմաններում: Մարտի առաջին օրերի ողբերգության հետևանքների ապաքինման երկարատև սուր ցավը փոխանցվում էր Սարգսյանին:
Երկրում՝ մայրաքաղաքի կենտրոնում, վեց շաբաթ առաջ արյուն էր թափվել: Այն ժամերին, երբ հարյուրավոր ոստիկաններով շրջափակված Օպերայի թատրոնում՝ ձեռքը Սահմանադրության մայր օրինակի և յոթերորդ դարի «Վեհամոր Ավետարանի» վրա Սարգսյանը երդվում էր, իսկ քիչ հետո Ազատության հրապարակում ընդունում զինվորական շքերթ, Երևանի կենտրոնական մեկ այլ հրապարակում՝ Մյասնիկյանի արձանի մոտ, մի քանի հարյուր քաղաքացիներ ծաղիկներ էին դնում ու մոմեր վառում:
Այս հրապարակում սպանված երիտասարդներից մեկի մայրը՝ 23-ամյա որդու նկարը վեր պարզած, անխոս մոտեցավ թարմ ծաղիկներին ու վառվող մոմերին և գլուխը իջեցնելով՝ սկսեց ամբողջ մարմնով հեկեկալ:
Սերժ Սարգսյանը մեծ գին կվճարեր, որ իր պաշտոնամուտը չհամընկներ հայ մայրերի հեկեկոցին: Երրորդ նախագահը երդմնակալությունից հետո ելույթում ասաց. «Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը»:
Նախագահն իր ելույթում հատուկ դիմեց Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ընտրություններում պաշտպանել էին այլ թեկնածուների. «Դուք իրավունք ունեիք քվեարկելու ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինելու ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջև անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջև չհասկացվածության պատ կա, կոչ եմ անում, եկեք քանդենք այդ պատը»:
Նույն օրը նախագահ Սարգսյանը այցելեց Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը հայրենիքի ազատության համար զոհաբերած հայրենասերների հիշատակին: Նոր նախագահը կարող էր նաև այցելել Մյասնիկյանի արձանի մոտ, մի մոմ վառել, մի փունջ գարնանային ծաղիկներ դնել: Այդ քայլով նախագահը մի անկյունաքար կգլորեր «չհասկացվածության պատից» ու նաև կհաղթահարեր պաշտոնամուտի օրվա մենությունը:
Թաթուլ Հակոբյան











