Գլխավոր Լրահոս

Ամենաթողության հացը

Ամենաթողության հացը


 Հանրապետական հերթական պատգամավորն աչքի ընկավ «ռուբենհայրապետյանությամբ»։ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի միջանցքում իրեն հարց տալու փորձ անող լրագրողին ասում է. «Դավայ, դավայ, թռար, կտամ ծնոտդ կպոկեմ»։ Պատգամավորն ավելի ուշ ասել է, որ չի ցանկացել վիրավորել լրագրողին, հետևաբար չի պատրաստվում ներողություն խնդրել։ Նա ավելացրել է, որ լրագրողին ինքը երկու-երեք անգամ ասել է, թե մի նկարահանեք իր մասնավոր զրույցը։ Իսկ նկարահանվում էր ոչ թե մասնավոր զրույցը, այլ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում Մհեր Սեդրակյանի շփումը ԱԺ անվտանգության ծառայողների հետ։

 Հետաքրքիր իրավիճակ է։ Նախ լրագրողը նրանից փորձում էր տեղեկանալ, թե ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք էթիկայի հանձնաժողովում մեծամասնություն լինել։ Լրագրողը հարցն ուղղում էր հենց այն պահին, երբ դահլիճում քննարկվում էր էթիկայի հանձնաժողովի ձևավորման փոփոխության մասին հարցը։ Այսինքն, պատգամավորը լրագրողին կոպտեց հենց այն պահին, երբ նիստերի դահլիճում էթիկայի հանձնաժողովի մասին հարց էր քննարկվում։ Երկրորդ, պատգամավորը լրագրողին կես բառ անգամ չի ասել իր մասնավոր զրույցը չնկարահանելու մասին մի պարզ պատճառով՝ նախ չի ասել, երկրորդ, հանրային տարածքում մասնավոր զրույցը փոքր ինչ հարաբերական հասկացություն է, ինքը իր աշխատասենյակում չէր զրուցում, առավելևս, իր տանը։ Երրորդ, նախկինում Մհեր Սեդրակյանը առանց խնդիրների պատասխանել է նույն լրագրողի հարցերին։ Եվ պատասխանել է սիրով։ Այս անգամ մարդը հարցը չլսեց։ Միանգամից անցավ «կտամ, ծնոտդ կպոկեմ»-ին։

Ինչու՞ է պատգամավորն իրեն այսպես պահում։ Այս հարցը քննարկվում է սոցցանցերում։ Ըստ իս, հարցադրման մեջ փոքրիկ խնդիր կա։ Պատգամավորը բառ է, ոչ թե՝ մարդու բնական կարգավիճակ։ Այն նույնիսկ ծիրանի չէ, որ գցես մարդու վրա ու դա նրան պարտավորեցնի։ Մհեր Սեդրակյանն իրեն պահել է իր բնույթին համապատասխան։ Այսինքն, այն իմաստով, որ կուզեր կպատասխաներ հարցին, չէր ուզի, չէր պատասխանի։ Նա դրսևորվել է երկու տարբերակով էլ։ Մարդը մի անգամ նույն լրագրողի տված ֆեոդալների մասին հարցին սիրալիր պատասխանել է այսպես. «Որ ընտրատարածքում ուզենամ, էնտեղից կընտրվեմ»։ Այսինքն, հոգեվիճակի արտահայտման իմաստով մարդը շեղում թույլ չի տվել, բառերն են տարբեր։ Հիմնական հարցը Մհեր Սեդրակյանի պատգամավորին անհարիր պահվածքը չէ, այլ հենց պատգամավոր լինելը։ Մարդը այդպես է արձագանքում իր կուսակցության առաջնորդի ընդամենը չորս օր առաջ ունեցած ելույթի այն հատվածին, որ ամենաթողության մասին հիշելու են ծնողների պատմածից։ Ու ինձ Մհեր Սեդրակյանի պահվածքն ավելի տրամաբանական է թվում ոչ այն պատճառով, որ դրանով Սերժ Սարգսյանին «տեղն է դրել»։ Այլ որ դու չես կարող մի ամբողջ երկրում երաշխավորել ամենաթողության հիշատակը, եթե կես բառ անգամ չես խոսում ամենաթողության հերոսներից։ Հետևաբար, Մհեր Սեդրակյանը կարող է լինել ոչ միայն պատգամավոր, այլև նախարար և նույնիսկ ՍԴ նախագահ։ Նրա մտերիմ ընկեր Գագիկ Բեգլարյանը հիմա նախարար է, չէ՞։ Ի՞նչն է խանգարում նրան ամենաթողությունը հիշողություն դարձնելու ճանապարհին դառնալ, ասենք, արդարադատության նախարար։ Կամ քրեակատորղական հիմնարկների վարչության պետ։ Ոչինչ։ Որովհետև ամենաթողության հացը պետական կառավարման սեղանի լավագույն համադամն է։ Ինչու՞ պիտի այդ մարդիկ հավաքվեն սեղանի շուրջ ու չտրվեն հաց ուտելու գայթակղությանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում