Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,1%, այն դեպքում երբ տասը ամիսների ցուցանիշը 7,2% էր, ինը ամիսներինը՝ 7,6%, ութ ամիսներինը՝ 8,3%։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 5,5%-ով։ Հունվար-նոյեմբերի կտրվածքով ցուցանիշը կազմել է 7,1%։
Համեմատության համար՝ այս տարվա տասը ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,2% էր, ինը ամիսներինը՝ 7,6%, ութ ամիսներինը՝ 8,3%, յոթ ամիսներինը՝ 7,7%, առաջին կիսամյակինը՝ 7,8%, հինգ ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելացել էր 7,4%-ով, չորս ամիսներին՝ 7,2%-ով, առաջին եռամսյակում՝ 6,1%-ով։
ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, որ հունվար-նոյեմբերի կտրվածքով տնտեսության հիմնական ճյուղերում գրանցվել է աճի տեմպի դանդաղում։ Այսպես, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 9,1%, այն դեպքում երբ տասը ամիսներին աճը 10% էր, ինը ամիսներին՝ 11,6%, ութ ամիսներին՝ 13,2%։ Ուշագրավ է, որ այս նոյեմբերին, 2011թ. նույն ամսվա համեմատ, ոլորտում արձանագրվել է 2,9% աճ։
Անկումը շարունակել է պահպանվել շինարարության ոլորտում՝ 0,7%-ով (տասը ամիսների կտրվածքով՝ 1,2%-ով)։
Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, միջին անվանական աշխատավարձերը աճել են 0,1%-ով։ Ցուցանիշը ապահովվել է պետական համակարգում աշխատավարձերի ավելացման հաշվին՝ 1,3%-ով։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կրճատվել է 1,2%-ով։
Տասնմեկ ամիսների կտրվածքով պետական համակարգում միջին աշխատավարձը կազմել է Դ94,9 հազ. (աճը՝ 4,4%), մասնավոր հատվածում՝ Դ145,6 հազ. (աճը՝ 5,4%)։
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $5,13 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3,5%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ Տասնմեկ ամիսների կտրվածքով արտահանումն ավելացել է 6,7%-ով (մինչև $1,29 մլրդ), ներկրումը՝ 2,5%-ով ($3,83 մլրդ-ի)։
Հաշվարկների հիմքում դրվել է Դ401,42/1$ միջին փոխարժեքը։
Civilnet











