Նախագահական ընտրությունների նախաշեմին սոցհարցումների «սեզոնը» կարելի է բացված համարել: Երեկ հանրության դատին ներկայացվեցին «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով իրականացված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Gallup Organization-ի համատեղ սոցհարցման արդյունքները։ Այն նախագահի հնարավոր թեկնածուների վարկանիշի հետևյալ պատկերն է առաջարկում։
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է՝ ընտրողների 49%-ի աջակցությամբ։ Հավանական մրցակիցները նրան «օրինաչափորեն» զիջում են ոչ թե մի քանի տոկոսով, այլ մի քանի անգամ։ Քանի որ հանրային կարծիքի ուսումնասիրությունը անցկացվել է մինչև ԲՀԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու որոշումը, ուստի հարցման արդյունքներում առկա է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը։ Նա երկրորդ հորիզոնականում է՝ 21%։
Իշխանությունների հետ ավելի քան սերտ հարաբերությունների մեջ գտնվող կառույցի կողմից պատվիրված սոցհարցման արդյունքներից կարելի է դատել, որ Սերժ Սարգսյանը, քարոզարշավը դեռ չսկսած, գրեթե «ընտրված» նախագահ է։ Նախագահի աթոռին երկրորդ անգամ բազմելու համար նրան պակասում է ընդամենը 2% հանրային վստահության քվե: Սա այն դեպքում, երբ գործող իշխանության կառավարման ժամանակահատվածում գրեթե բոլոր ոլորտներում միայն ձախողումներ են արձանագրվել՝ սոցիալ-տնտեսական վիճակը հետևողականորեն վատթարացել է, երկիրը լքել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Ու այս պայմաններում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Gallup Organization-ը հանկարծ ավետում են, թե իշխանության ձախողումները հանրությանը այդքան էլ չեն հուզում, և հասարակությունը, տուրք տալով մազոխիստական հակումներին, պատրաստ է կրկին վստահել գործող նախագահին:
Ավելին՝ ընտրողների մեծ մասը իշխանամետ հայացքներ ունի։ Նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում նրա օգտին քվեարկողների 36%-ը պատրաստ է իր քվեն տալ Սերժ Սարգսյանին։ Ստացվում է, որ գործող նախագահի հանրային վստահության աստիճանը բարձրանում է ևս 7%-ով՝ հասնելով 56%-ի: Հիշեցնենք՝ քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, իսկ Սերժ Սարգսյանը չի հասցրել ներկայանալ «լավագույն կողմերով»։ Բնականաբար, քարոզարշավից հետո «վստահողների» թիվը կավելանա ևս մի քանի տոկոսով։
Ելնելով վերջին ընտրությունների փորձից՝ կարելի է ասել, որ «ընտրությունների» արդյունքները քիչ են տարբերվելու այս կամ նմանատիպ ուսումնասիրություններում նշվող թվերից։ Հետևաբար՝ այս տվյալները կարելի է համարել 2013թ. փետրվարի 18-ի ընտրական նկարչության սևագիր, որը մինչև նախագահական ընտրություններ կոչվող միջոցառումը միգուցե մի քանի անգամ սրբագրվի՝ բնականաբար գործող նախագահի օգտին։
Նախընտրական սևագիր
Թեմա











