«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵԿ) ընկերությունը գալիք տարի նախատեսում է կատարել 500-540 մլն ռուբլու ($16-17,5 մլն) ներդրումներ, ինչը մոտ կիսով չափ կզիջի այս տարի կատարված ներդրումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Նրա կարծիքով` ներդրումների ծավալի կրճատումը պայմանավորված է նրանով, որ կառավարության հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն` ընկերությունn առաջին չորս տարին պետք է կատարի արագացված ներդրումներ, իսկ հետագայում ներդրումները հիմնականում պետք է ուղղվեն ընթացիկ խնդիրների լուծմանը։
Ռեբեցի խոսքով` 2008-2012 թթ. ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 90 մլրդ դրամ, որից 50 մլրդ-ը ուղղվել է ենթակառուցվածքների վերանորոգմանն ու վերակառուցմանը։ Այս ընթացքում ընկերությունը վերանորոգել է 300 կմ երկաթգիծ, 33 արհեստական կառույցներ, 140 կմ էլեկտրահաղորդման գծեր։ Ենթակառուցվածքներում կատարված ներդրումները հնարավորություն են տվել բարձրացնել միջին արագությունը. եթե 2008թ. երկաթուղում միջին արագությունը կազմում էր 21,9 կմ/ժ, ապա այս տարի այն 35,6 կմ/ժ է, իսկ առանձին հատվածներում` 100 կմ/ժ։
Անդրադառնալով այս տարվա արդյունքներին` ՀԿԵ-ի տնօրենը նշեց, որ թեև տնօրենների խորհուրդն ընկերության այս տարվա բյուջեի հիմքում դրել էր բեռնափոխադրումների ծավալների 6-տոկոսանոց աճ, այդուհանդերձ, տարին կփակի մոտ 3% աճի ցուցանիշով։ Բյուջեն ծրագրավորելիս հիմք էր ընդունվել կառավարության կողմից մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ «Երկաթուղին տնտեսական իրավիճակի ինդիկատոր է, մենք ընդամենը տեղափոխող ենք»,- ասաց երկաթուղային ընկերության տնօրենը՝ հավելելով, որ ՀԿԵ-ն գալիք տարվա համար կանխատեսում է դինամիկայի պահպանում։
Նշենք, որ ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի ավելի համեստ աճն ուշագրավ է դառնում, եթե հաշվի առնենք, որ կառավարությունն անցած տարվա վերջին 2012թ. համար կանխատեսել էր 4,2% տնտեսական աճ, իսկ ներկայում արդեն ակնկալում է 7,1% տնտեսական աճ։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, ապա, ըստ Ռեբեցի, այստեղ դինամիկան տարբեր ուղղություններ ունի. միջազգային ուղևորափոխադրումների գծով արձանագրվել է 11% աճ. Երևան-Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ այս տարի տեղափոխվել է 50 հազ. մարդ։ Երկրի ներսում միջքաղաքային ուղևորափոխադրումների գծով արձանագրվել է ծավալների նվազում, ինչը ընկերության տնօրենի խոսքով` պայմանավորված է սակագնային քաղաքականությամբ։ «Սակագները սահմանելիս կատարվել է ոչ ճիշտ գոտիավորում. այսօր առկա է 18 գոտի, ինչը բավական շատ է, և մենք գալիք տարի այդ գոտիների թիվը նախատեսում ենք նվազեցնել, ինչը կնշանակի, որ միևնույն գումարով հնարավոր կլինի ավելի երկար տարածություն անցնել»,- ասաց Ռեբեցը։
Նրա խոսքով` բեռնափոխադրումների սակագների հիմքում ընդունվում է շվեյցարական ֆրանկը և հաշվի առնելով դրա փոխարժեքի փոխությունները` իրականում բեռնափոխադրման սակագները պետք է աճեին 3%-ով, սակայն ընկերությունը վերանայել է առանձին գործակիցները, արդյունքում 2013 թ. 1-ին եռամսյակում միջազգային հաղորդակցությունում սակագները կաճեն 1%-ով, իսկ տեղական հաղորդակցությունում` 10%-ով:
Civilnet











