«Նարեկացու, Քուչակի պես…»
«Առաջ դեպի ապահով Հայաստան» կարգախոսը Հայաստանի խորհրդարանի և նախագահի ընտրությունների ընթացքում հնչեցված ամենավտանգավոր կարգախոսն է։ Մի քանի պատճառով։ Բացի նրանից, որ դու՝ երկրի գործող ղեկավարդ, մինչև հիմա փաստացի ոչինչ չես արել, որ քո քաղաքացին ապահով լինի իր երկրում, նշաններ ցույց չես տալիս, որ անելու ես։ Ինչո՞ւ։ Որովհետև քո ելույթի 75 տոկոսը նվիրված է Հայոց բանակին։
Առաջին հայացքից թվում է, թե բանակն է ապահովության երաշխավորը, ինչո՞ւ չպետք է կարևորվի բանակը փաստացի նախագահի ելույթում։ Բայց խնդիր կա։ Բանակով դեպի ապահովություն գնում են բոլորն անխտիր՝ և՛ Ամերիկան և՛ Հյուսիսային Կորեան։ Բայց ԱՄՆ-ն իր տնտեսությունից երևելի միջոցներ չի պլոկում բանակի համար, ԱՄՆ-ն բանակով չի հանգստացնում իր ժողովրդին։
Դիցուք, Հյուսիսային Կորեայում ամեն ինչ պտտվում է բանակի շուրջ։ Այնտեղ քիչ թե շատ բարեկեցիկ մի ընտանիք չկա, որը բանակում ծառայող կամ պաշտոնավարող հարազատ չունենա։ Այնտեղ բալիստիկ հրթիռներ են փորձարկում՝ ձեռքի հետ սովի մատնելով երեխաներին։ Որտեղ բանակի դերը մեծ է, այնտեղ պետությունը, ի վերջո, մատնվում է ապադեմոկրատացման։ Մեր իշխանությունը 2008թ. մարտի 1-ին, ի վերջո, ցույց տվեց, թե ինչու է այդքան փայփայում բանակը։ Ուրեմն՝ ինչո՞ւ պիտի այսուհետ ևս չհայտարարի փայփայելու պատրաստակամության մասին, հատկապես երբ առջևում կրկին նախագահի ընտրություններ են, և «ընտրվողն» էլ կրկին Սերժ Սարգսյանն է։
Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը «Առաջ դեպի ապահով Հայաստան» հռչակելով մատնում է փաստը, որ ձախողել է «Առաջ Հայաստան»-ը և «Հավատանք, որ փոխվենք»-ը։ Ինչպե՞ս է մատնում։ «Առաջ Հայաստան»-ը տարողունակ, թեպետ դարձյալ ոչինչ չասող կարգախոս է, բայց ենթադրաբար իր մեջ կրում է կամ կարող է կրել ապահով Հայաստանը, եթե «ապահով»-ի մեջ հասկանում ենք քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային բաղադրիչները։ Նա այդ բաղադրիչների հաջողությունը չի տեսել իր կառավարման հինգ տարիներին, ընդհակառակը, տեսել է ժողովրդի աղքատացում և արտագաղթ։ Ահա ինչու կարիք է զգացել շեշտելու հատկապես «ապահով Հայաստանի տեսլականը»։ Այսինքն՝ հինգ տարվա ընթացքում երկու աղմկոտ, պայմանականորեն ասած, համակարգային կարգախոսներ հռչակելուց հետո մարդը ասպարեզ է բերում խիստ սոցիալական մի կարգախոս, որի ամբողջ խաղադրույքն արված է աղքատների վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև աղքատությունը Հայաստանում մեծամասնություն է, ինքը գիտի, որ երբևէ նրանց ձայնը չի ստացել, քանզի աղքատը մազոխիստ չէ։ Ուրիշ բան է, երբ աղքատը քվե է տալիս կաշառքով, քանզի 5 րոպեով իրեն զգում է ապահով Հայաստանի ներկայացուցիչ։
Երրորդ՝ «Առաջ դեպի ապահով Հայաստան»-ը վտանգավոր է նաև այն պատճառով, որ ցույց է տալիս Հայաստանի՝ մշակութային հասկացության հանդեպ քամահրական վերաբերմունքը։ Եթե մենք, այսպես ասած, պատմություն ունեցող ժողովուրդ ենք, ուրեմն նաև մշակութային ենք, քանզի տարբեր ժամանակներում ունեցել ենք պետականություն և թողել մեր մշակութային հետքը։ Այդ հետքի ներկայացուցիչ են Խորենացին, Նարեկացին, Քուչակը, մանրանկարիչները, պետականությունից դուրս նաև աշուղ Սայաթ-Նովան, Մեծարենցը, Խաչատուր Աբովյանը։ Այս մարդիկ մեզ թողել են ապրելու ազդակներ, որտեղ «ապահով»-ը ազդակ մարմնավորող բառերից մեկն է։ Հիմա, երբ դու նման կարգախոս ես հռչակում, դա մեր հազարամյա մշակույթի մասին ոչինչ չի ասում, բայց 10-15-20-ամյա աղքատության մասին ամեն ինչ ասում է։
Ինքս դեմ չեմ, որ կարգախոսի հիմնական թիրախ լինեն աղքատները։ Բայց մի քիչ ավելի համեստ ու մի քիչ ավելի մոտ աղքատի ականջին ու սրտին։ Եվ մի քիչ ավելի հոդաբաշխ թող լինի ձեր վճռականությունը։ Այլապես, ասեմ ձեզ, բառերով չի…
Թեմա
Մհեր Արշակյան










