Նախագահական ընտրությունների շեմին ամայացող քաղաքական դաշտում հասարակության ընդդիմադիր հատվածի համար Սերժ Սարգսյանի դեմ պայքարող հիմնական մրցակից ընկալվում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ ընկալումն ավելի խորացավ ԲՀԿ-ի՝ խաղից դուրս գալուց հետո:
Դեկտեմբերի 22-ի ՀՀՇ համագումարը շատերի ակնկալիքով լինելու էր այն հանգրվանը, որտեղ որոշվելու էր, թե արդյոք Տեր-Պետրոսյանը ձեռնոց նետելո՞ւ է Սերժ Սարգսյանին: Առաջին նախագահը որոշեց համագումարյան իր ելույթը նվիրել մոլի արևմտամետներին և ռուսամետներին: Մի՞թե հարյուր հազարներով արտագաղթող, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հայ հասարակությանը ռուսասերների կամ արևմտամոլների քաղաքական կողմնորոշումներն են հետաքրքրում: Ընդդիմադիր տրամադրված հասարակության գերակշիռ մասը քաղաքական ընդդիմադիր ուժերից առաջին հերթին փոփոխություններ է ակնկալում և դրան տանող ճանապարհներ ուղենշում: Հենց այդպիսի շեշտադրումներով ծրագրային ելույթ էր սպասվում Տեր-Պետրոսյանից: Փոխարենը նա առաջարկեց «մի երկու օր էլ» սպասել իր որոշմանը:
Կարևորագույն հարցի շուրջ որոշման կայացման արհեստական երկարաձգումը ոչ միայն հիասթափեցնում է հասարակությանը, այլ նաև կազմալուծում և բարոյալքում է սեփական քաղաքական թիմը: Պատահական չէ, որ տևական ժամանակ է, ինչ Հայ ազգային կոնգրեսից այս կամ այն պատճառով բեկորներ են պոկվում, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հրաժարվում են Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած քաղաքական կուրսը սպասարկելուց: Այն քաղաքական կուրսը, որի մարտավարական նպատակներն ու քայլերը հստակ չեն: Մինչև վերջերս Տեր-Պետրոսյանին հաջողվում էր կոորդինացնել բազմաբովանդակ և տարբեր հայացքներ ունեցող քաղաքական թիմի անդամներին միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը ուժային կենտրոն էր համարվում, որից բավական լուրջ ակնկալիքներ կային: Սակայն ՀԱԿ-ում տերևաթափը սկսվեց այն բանից հետո, երբ այդ կառույցը սկսեց անհասկանալի քաղաքական մանևրներ իրականացնել և ինքնակամ հրաժարվեց ընդդիմադիր քաղաքական դաշտի ուժային կենտրոնից:
Ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ի անդամ որոշ գործիչներ ու կուսակցություններ ազատություն են ստանում քաղաքական դաշտում իրենց ուրույն տեղը փնտրելու: Նրանցից ոմանք գուցե ազնիվ են և առաջնորդվում են պետական շահով, մյուսները, նեղ անձնական ու կուսակցական շահերից ելնելով, փորձում են տեղ գտնել քաղաքական արևի տակ:
Տեր-Պետրոսյանի անորոշությունը ամեն պարագայում խտացնում է նրա՝ դեռ մայիսին կանխագուշակած մռայլությունը:
Խտացող գորշություն
Թեմա











